Ի՞նչ կարող են անել հայ պատգամավորները Թուրքիայի խորհրդարանում. Պարզաբանում է թուրքագետը
Թուրքիայում կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ազգությամբ հայ երեք թեկնածու ընտրվել է:
«Մեկը՝ Մարգար Եսայանն է «Արդարություն և զարգացում» կուսակցության ցուցակով, Սելինա Օզուզուն Դողանը՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ցուցակով և Կարո Պալեանը՝ Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Թուրքագետը նկատեց, որ 50-ական թվականներից հետո սա առաջին դեպքն է, երբ թուրքական խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորներ են լինելու:
Ինչո՞ւ է կարևորվում հայ պատգամավորների ներկայությունը թուրքական խորհրդարանում հարցին ի պատասխան, Լ. Հովսեփյանը նկատեց, որ անցած օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Թուրքիայում քաղաքական իրավիճակ է փոխվում, շատ հարցերում, այդ թվում և հայամետ խնդիրների բարձրացման առումով ակտիվ է լինելու Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը. «Հայ պատգամավորները մեծ հաշվով ներկայացնելու են իրենց կուսակցությունների քաղաքական ծրագիրը, ուստի չեմ կարծում, որ մեծ ազդեցություն կունենան հայամետ խնդիրների բարձրաձայնման առումով, չնայած Կարո Պալյանը ազգային դիմագիծ ունեցող գործիչ է, և չի բացառվում նրա ակտիվ գործունեությունը Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերում»: