Երեխայի պորտալարը չպետք է գցել, դրա մեջի արյունը մաքուր է, անբասիր և կարող է մարդու կյանք փրկել. Մասնագետ
Հղիության ընթացքում մորն ու երեխային կապող պորտալարը ծննդաբերության ժամանակ աշխարհի առաջատար մասնագետները խորհուրդ են տալիս դեն չնետել. դրանում եղած արյունը մարդկային կյանքեր է փրկում: Ոսկրածուծի քաղցկեղի բուժման նպատակով աշխարհում մեծ տարածում ունեցող այս մեթոդի ներդրմամբ Հայաստանում սկսել են աշխատել 2014 թվականի հոկտեմբերից:
Ծրագիրն իրականացնում է Հայաստանում գործող Բիո Ստեմ հունական կազմակերպությունը, իսկ պորտալարից վերցված արյունը պահպանվում է Ոսկրածուծի հայկական ռեեստր հիմնադրամում, հատուկ պայմաններում:
«Ծնվելու ժամանակ, երբ երեխային պորտալարից անջատում են, մի քանի րոպե ընկերքը դեռ արգանդին կպած է, պորտալարն էլ դուրս է եկած: Պորտալարային արյունը ամենամաքուր, ամենաանբասիր ու շատ իմունոֆերմենտներով ու ցողունային բջիջներով հարուստ արյուն է: Մաման երբ վիտամիններ է ստանում, արյունը ֆիլտրվում է ու պորտալարի միջոցով անցնում երեխային: Այդ պորտալարային արյունը ծննդաբերությունից հետո` կապ չունի կեսարյան հատում է, թե սովորական ծննդաբերություն, մասնագետները հավաքում են հատուկ կոնտեյներների մեջ, ստացվում է մինչև 100 գրամ արյուն, այդ արյունից անջատում ենք ցողունային բջիջները, որոնք էլ սառեցնում ենք ու պահում հեղուկ ազոտի մեջ, -183 ջերմաստիճանային պայմաններում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Հիմնադրամի նախագահ Սևակ Ավագյանը:
Նրա խոսքով, եթե ժամանակի ընթացքում, Աստված մի արասցե, երեխան հիվանդացավ արյան որևէ չարորակ հիվանդությամբ, ժամանակին նրա պորտալարից վերցրած ու խնամքով պահպանված ցողունային բջիջը կարող է կյանք պարգևել նրան: Ցողունային բջիջներն օգտագործվում են 70-ից ավելի հիվանդությունների բուժման ժամանակ, այդ թվում` լեյկեմիա, իմունոդեֆիցիտ, միելոմա, բջջային անեմիա, լիմֆոմա, թալասեմիա: Ի դեպ, ներկայումս ցողունային բջիջներով բուժումը հետազոտման փուլում է շաքարային դիաբետի, ալցհեյմերի, պարկինսոնիզմի, ուղեղային կաթվածի, ողնուղեղի վնասվածքների, ինսուլտի և մկանային դիստրոֆիայի դեպքերում:
Ընդհանրապես, աշխարհում կան հանրային և մասնավոր պորտալարային բանկեր: Հանրային պորտալարային բանկը հիմնում է պետությունը, երբ ոչ մի պորտալար բիոաղբ չի դառնում և դրա արյունը պետության ֆինանսավորմամբ պահպանվում է: Իսկ մասնավոր բանկի պարագայում սկզբում անձի ծնողները, այնուհետև չափահաս դառնալուց հետո ինքն է տնօրինում իր պորտալարի արյունը:
«Այն երկրները, որոնք շատ հարուստ են, պահում են հանրային բանկ, այսինքն երբ մայրն ինքն է իր կամքով պորտալարը հանձնում պետությանը: Դա այլևս այդ կնոջը չի պատկանում, և պետությունը դրա պահպանման համար վճարում է: Իսկ մասնավոր բանկը պատկանում է տվյալ անձին, ում պորտալարից վերցրել են արյունը: Ծնողները այդ արյունը պահում են մինչև երեխայի չափահաս դառնալը, 18 տարեկանից հետո դա արդեն երեխային է պատկանում, ինքը կարող է որոշում կայացնել` ինչ անել դրա հետ», -ասաց Սևակ Ավագյանը:
Մարդու, և հատկապես երեխայի կյանքը պետք է ավելին լինի, սակայն պետությունն այդ ուղղությամբ Ավագյանի խոսքով, չի մտածում:
Երևանի 10 բուժհիմնարկ համագործակցում է Հիմնադրամի հետ, և հղի կանանց տեղեկացնում են, որ նման ծրագիր կա Հայաստանում, բայց արձագանքողներ չկան: Պատճառը, ըստ Ավագյանի, այն է, որ լավ չեն բացատրում: Հայաստանում այս ոլորտը չի զարգանում, քանի որ, ըստ մեր զրուցակցի, ոչ պետությունն է շահագրգռված, ոչ էլ մասնագետներն են «բան հասկանում ցողունային բջիջներով բուժումից»:
Նրա խոսքով, այժմ Հայաստանում մասնավոր պորտալարային բանկ ստեղծել են 12 անձինք, որոնցից են շոու բիզնեսի ներկայացուցիչներ Լուսինե և Իրինա Թովմասյանները, Հայաստանում ապրող պարսկահայեր:
«Գրագետ են մարդիկ, իրենց ոչ մեկ չի ասել, կարդացել են, գիտեն, որ նման բան կա, իրենց կամքով պահում են երեխաների պորտալարային արյունը: Մի երեխան որ ծնվում է մոտավորապես ինչքան փող է ծախսվում ուտել-խմելու, քեֆ անելու համար: Էդ երեխու առողջ ապագայի մասին մտածեք: Եկեք գումարը մի կողմ դրեք, լուծեք էդ հարցը: Ամբողջ աշխարհը անում է դա Վրաստանը արդեն հինգ տարի է` անում է», -նկատեց Սևակ Ավագյանը:
Հայաստանի մասնավոր պորտալարային բանկում երեխայի պորտալարային արյունը վերցնելու համար ծնողի հետ պայմանագիր է կնքվում, միանվագ վճարվում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ցողունային բջիջները հավաքագրելու, մշակելու, պահպանելու համար, իսկ ամեն տարվա պահպանման համար` 50 ԱՄՆ դոլար:
«Ծանր հիվանդությունից ոչ ոք ապահովագրված չէ, և դա բոլորի հետ էլ կարող է պատահել: Այս դեպքում հսկայական գումարներ չեն ծախսվում հիվանդությունը բուժելու համար: Մենք այսպիսով ապահովագրում ենք մեր կյանքը և ապահովագրում ենք 100 տոկոսով», -եզրափակեց մասնագետը: