Միայն հետևանքները վերացնելով հնարավոր չէ առաջընթաց ապահովել. Ա. Մուրադյան
«Մենք ուշադիր հետևում և անձնագրավորում ենք վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման` իմունականխարգելման, հանրային առողջապահական ծրագրերի ընթացքին, ուսումնասիրում ենք ռիսկի հիմնական գործոնները»,-ասել է նախարարը` այսօր ՀՀ ԱՆ գլխավոր գենետիկ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանի և կենտրոնի քաղցկեղի գենետիկայի լաբորատորիայի վարիչ Դավիթ Բաբիկյանի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը շեշտել է իրավիճակի կառավարման կարևորությունը, քանի որ միայն հետևանքները վերացնելու ճանապարհով հնարավոր չէ առաջընթաց ապահովել, տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Արմեն Մուրադյանը հավելել է, որ առողջապահության համակարգի կառավարումը` բուժհաստատությունների արդիականացումը, դրանց ֆինանսավորումը, հիվանդների բուժումը, ծրագրերի իրականացումն իր հունով ընթանում է։ Բայց միաժամանակ չափազանց կարևորվում են հիվանդությունների վաղ հայտնաբերումը, դրանց կանխարգելումը հանրային առողջապահական, սկրինինգային և այլ ծրագրերը։
«Մենք հետևում ենք նաև ողջ աշխարհում իրականացվող նոր ուղղությանը, որը չենք կարող շրջանցել։ Դա անհատականացումն է, որն առանց գենետիկական անձնագրավորման անհնար է պատկերացնել»,-ասել է նախարարը։
Նա նշել է, որ այսօր դա գուցե հեռավոր ապագայի խնդիր դիտվի, սակայն կամավոր հիմունքներով իրականացված անձնագրավորման արդյունքներով հնարավոր կլինի խոսել հանրային առողջապահության վրա դրա ազդեցության մասին։
Թամարա Սարգսյանը ևս հավաստել է, որ Գենոմի անձնագրավորումը նոր և հեռանկարային ուղղություն է։ Այն կարևորվում է հատկապես հիվանդության գենետիկական նախատրամադրվածության բացահայտման տեսանկյունից։
Գենետիկները նշել են, որ Գենոմի ԴՆԹ-ի հաջորդականությունների հետազոտություններն իրականացվում են մարդու կյանքում մեկ անգամ, հետևաբար պետք է կատարվեն բարձրակարգ մասնագետների կողմից, չափազանց մեծ պատասխանատվությամբ: Այն հնարավորություն է տալիս նախապես տեղեկանալ տվյալ անձի գենոմում առկա մուտացիաների և դրանց հետևանքով որոշ հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածության մասին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ հիվանդությունների կանխարգելումը մեծապես թեթևացնում է առողջապահության բեռը:
«Առողջության անհատականացումը և հասարակական և անհատական տեսնակյունից կարևոր նշանակություն ունի»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թամարա Սարգսյանը առաջիկա օրերին հանդես կգա առողջության անհատականացման մասին ներկայացմամբ: Քննարկվել են նաև հանրային առողջապահական մի շարք ծրագրերի ընթացքը և դրանց իրականացման արդյունավետությունը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում