Քաղաքապետարանը չի պատրաստվում ապամոնտաժել Կարապի լճի մեջ գտնվող գովազդային սյունը
Քաղաքապետարանը չի ընդառաջի մի քանի տասնյակ քաղաքացիների ու սոցցանցերի օգտատերերի պահանջին ու չի ապամոնտաժի Կարապի լճի մեջ տեղադրված գովազդային սյունն ու վահանակը:Քաղաքապետարանը կսպասի ընկերության հետ կնքած պայմանագրի ժամկետի ավարտին, ինչից հետո նոր կքննարկի սյունը թողնել-չթողնելու հարցը ու ըստ այդմ կվերանայի որոշումը:
«Հակառակ դեպքում կստացվի, որ մենք պայմանագիր ենք խախտում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, ով այս պահին չկարողացավ հստակ նշել, թե երբ է ավարտվում պայմանագրի ժամկետը:
«Այդ տեղում գովազդային սյուն տեղադրելու որոշումը կայացվել է ավելի քան մեկ տարի առաջ: Արտաքին գովազդի տեղադրման եղանակներից մեկն է: Մի տարուց ավելի է՝ տեղադրված է, չգիտես ինչի՞ հիմա ինչ-որ մարդիկ նկատեցին: Խնդրում եմ, հատուկ շեշտել, որ այն տեղադրված է մեկ տարուց ավելի»,- Արթուր Գևորգյանը:
Երևան քաղաքի գլխավոր դիզայները հավանություն տվե՞լ է Կարապի լճի մեջ գովազդային վահանակ տեղադրելու վերաբերյալ որոշմանը հարցին ի պատասխան, վարչության պետն ասաց, որ նրա հավանության տալու խնդիրը չկա, քանի որ սյունը ժամանակավորապես է տեղադրվել. «Պայմանագիրն ավարտվելուց հետո արդեն որոշում է կայացվում այդտեղից ընդհանարպես հեռացնե՞լ, թե՞ թողնել»:
Ա. Գևորգյանը անպատասխան թողեց հարցը, թե տվյալ վայրում գովազդ տեղադրելու համար որքա՞ն գումար է վճարում ընկերությունը. «Գումարի մասին չեմ կարող ասել, դա արդեն այլ հարց է»:
Նշենք, որ սյունն ապամոնտաժելու պահանջով քաղաքացիները ստորագրահավաք են սկսել. «Վերջերս Երևանի գեղեցիկ վայրերից մեկում` Կարապի լճում, տեղադրվել է վայրին անհամապատասխան գովազդային վահանակ` հսկայական լուսամփոփի տեսքով: Դրա փոխարեն անհրաժեշտ էր բարեկարգել լճի մերձակայքը և ոչ թե խաթարել տարածքի ճարտարապետական ոճը: Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք հեռացնել այս տգեղ գովազդային սյունը` վերականգնելով զբոսավայրի գեղեցիկ տեսքը»: