Դատախազությունը հետաքննում է դատարանում փաստաբանի դեմ հարձակումը
Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը հունիսի 8-ին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր նկատմամբ կատարված հարձակման դեպքի կապակցությամբ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ինքը` փաստաբանը: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել, լրատվամիջոցներում տարածված հրապարակումների հիման վրա հետաքննություն սկսել կատարվածի կապակցությամբ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի գործով «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդի պաշտպան Լիանա Բալյանի նկատմամբ մայիսի 14-ին հարձակում էր կատարվել. ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ տնօրեն Անահիտ Խալաթյանը դատարանում հարձակվել էր փաստաբանի վրա, սպառնացել ու վիրավորել կնոջը:
«Փաստաբաններին չպետք է նույնացնել վստահորդների հետ, ու պետք է ընդհանրապես նման բան չլինի, այսինքն դատախազության հետամուտ լինելու շնորհիվ էլ ժողովուրդը պետք է զգոն լինի, որ փաստաբանները միայն իրենց աշխատանքն են կատարում դատարանում և չպետք է ընդհանրապես խոչընդոտեն փաստաբանի մասնագիտական աշխատանքին», -մեզ հետ զրույցում նկատեց Լիանա Բալյանը` ընդգծելով, թե ակնկալում է, որ մեղավորները կպատժվեն:
Հիշեցնենք` 2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում ողբերգական ելքով վթար էր տեղի ունեցել «Կամազ» մակնիշի մեքենան բախվել էր «Գազ-32213» մակնիշի երթուղային տաքսուն, ինչի հետևանքով մեքենան հրդեհվել էր, զոհվել էր յոթ մարդ, յոթ ուղևոր էլ տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: «Գազել» մակնիշի երթուղային տաքսին պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ընկերությանը:
Ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործի, ինչի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝)։
Հարակից հրապարակում`
Դատարանում հարձակվել են փաստաբանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան