«Սուտասանը դուք եք». Արծվիկ Մինասյանը ցավում է Լևոն Զուրաբյանի համար
Այսօր Ազգային ժողովում Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ օրինագծի հեղինակ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության մեջ հնչած մեղադրանքներին ու ցավ հայտնեց նրա համար:
Նշենք, որ Լևոն Զուրաբյանը իր ելույթում հայտարարել էր, թե անհավասար պայմաններ են ստեղծվում «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավի ժամանակ:
«Ցավում եմ, որ Լևոն Զուրաբյանը այդպես էլ չարժևորեց քաղաքական ուժերի հետ աշխատանքի և փոխադարձ հարգանքի հնարավորության ապահովումը»,- հայտարարեց Մինասյանը: Նրա խոսքով, խմբակցությունների ներկայացուցիչները գոհ լինելու փոխարեն «ճղճիմ հայտարարությունների միջոցով հերթական քաղաքական դիվիդենտն են փորձում շահել»:
«Էն ժամանակ, երբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը այս գաղափարների կրողն էր, Ձեր քաղաքական ուժը սկի ծնված էլ չէր: Կեղծարարության մեջ մասնագիտացված լինելով հանդերձ, դուք այսօր մեղադրում եք մի քաղաքական ուժի, որն անգամ կասկածի տեղիք չի տվել: Ի՞նչ բարոյականությամբ եք էստեղ նման հայտարարություն անում: Ես շատ լավ եմ հիշում, որ դուք հայտարարում էիք, թե ձեր գլխավոր խնդիրը քարոզչության ժամանակ ձեզ ձայն տալն է, տվել ենք, բայց ձեր համար դա բավական չէր: Միանգամից երևի օրենքում պետք է գրեինք, որ ամբողջ եթերաժամը տալիս ենք ՀԱԿ-ին», -դիմելով Զուրաբյանին, հայտարարեց Մինասյանը:
Զուրաբյանը, սակայն անպատասխան չթողեց և տեղից հայտարարեց, թե` սուտ է: Մինասյանի նյարդերը տեղի տվեցին, և նա բացականչեց. «Սուտասանը դուք եք, որ այս ամբիոնից կանգնած ինչ անիմաստ հայտարարություններ ասես, անում եք: Էդ աստիճանի իրավական տգիտությունը այս ամբիոնից հնչեցնել: Կա պարզ տրամաբանություն` սա քաղաքական համաձայնեցման հնարավորություն է` եկեք, քննարկենք, առաջարկները ներկայացնում եք ու թռնում Յակուտսկ»:
Նախորդող հրապարակում`
Հանրապետականը և ՀՅԴ-ն դաշնակցել են Սահամանադրական փոփոխությունների «այո»-ն կեղծելու գործում. Լևոն Զուրաբյան