Հայաստանում գրանցվել է կարմրուկի 7 դեպք` հիմնականում բերված ՌԴ-ից և եվրոպական տարածաշրջանից
Կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացումը ներկա պահին առողջապահական համակարգի կարևոր հիմնախնդիրներից մեկն է: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Նա ներկայացրեց, որ վերջին տարիներին աշխարհի մի շարք երկրներում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացում: Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռումինիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում:
«Եթե հիշում եք, Վրաստանում դեռևս 2013 թվականին սկսված կարմրուկի բռնկումը լուրջ խնդիր էր նաև Հայաստանի Հանրապետության համար` հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժերը»,- ասաց Արտավազդ Վանյանը` հավելելով, որ հարևան երկրում իրավիճակն այսօր էլ նույնն է:
«Վարակը Հայաստան ներբերելու դեպքում հիմնական ռիսկի խմբում պատվաստում չստացած կամ թերի պատվաստված անձինք էին, ովքեր կարող էին հիվանդությունն արագ տարածել»,- նշեց Ա. Վանյանը` հիշեցնելով 2004-2006 թթ-ի համաճարակային բավականին լարված իրավիճակը։ Այն ժամանակ Հայաստանում արձանագրվեց 4201 դեպք` հիմնականում դպրոցահասակ երեխաների շրջանում։ Դրանով էր պայմանավորված 2007 թվականի լրացուցիչ պատվաստումների ընթացքում թիրախային խմբի ընտրությունը:
«Բավականին դժվար աշխատանք էր, բայց կարողացանք զանգվածային պատվաստումներ իրականացնել։ 2007-ից սկսած Հայաստանում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է՝ տեղական դեպքեր չեն արձանագրվում»,-ասաց բանախոսը։ Նա նշեց, որ վերջին շրջանում կարմրուկի համաճարակային իրավիճակի աշխուժացման պայմաններում 2013-2014 թվականներին Հայաստանում գրանցվել է այլ երկրներից բերված 10-13 դեպք:
«Այս պահին հանրապետությունում ունենք կարմրուկի լաբորատոր հետազոտություններով հաստատված 7 դեպք` հիմնականում բերված Ռուսաստանի Դաշնությունից և եվրոպական տարածաշրջանից»,- նշեց Ա. Վանյանը` հորդորելով չպատվաստված կամ թերի պատվաստված երեխաներին պատվաստել կցագրված պոլիկլինիկաներում։ Նշվեց, որ դա է կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և ամենաարդյունավետ միջոցը:
Նշվեց նաև, որ արձանագրված 7 դեպքից 5-ը պատվաստված չի եղել, իսկ 2-ը թերի պատվաստված է եղել։ Դեպքերից 5-ը 2-7 տարեկան երեխաներ են, իսկ մյուս 2-ը՝ մեծահասակ (24 և 38 տարեկան): Հատկապես զբոսաշրջության աշխուժացման այժմյան ժամանակահատվածում առավել կարևորվեց հիվանդության կանխարգելումը։
«Այս առումով մենք բոլորս ակնկալում ենք լրատվամիջոցների աջակցությունը։ Բնակչությանն իրազեկելով աշխարհում առկա իրավիճակի և հիվանդությունից զերծ մնալու համար պատվաստվելու մասին` դուք կարող եք նպաստել հիվանդության բռնկումից խուսափելուն»,-ասաց Արտավազդ Վանյանը։
Բանախոսն այնուհետև նշեց, որ կարմրուկը սուր վարակիչ և բարձր կոնտագիոզ (հպավարանցիկ) հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային մեխանիզմով: Կարմրուկի վարակի աղբյուրը հիվանդ մարդն է` գաղտնի շրջանի վերջին օրերին, ողջ կատառալ և որոշ չափով ցանավորման շրջանում։ Գաղտնի շրջանը տևում է մինչև 21 օր, միջինը՝ 7-18 օր: Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով (քթի լորձաթաղանթի բորբոքում), կոկորդի ցավով, կոնյուկտիվիտով (աչքերի եղջրաթաղանթի բորբոքում), հետո միանում է նաև ցանը: Ցանն առաջանում է կլինիկական ախտանշանների սկզբից 3-5-րդ օր հետո: Խիստ ուշագրավ է ցանի առաջացման փուլայնությունը։ Առաջին օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը, երկրորդ օրը՝ իրանի մնացած մասերը, իսկ երրորդ օրը` վերջույթները։
Կարմրուկի վիրուսը խիստ անկայուն է արտաքին միջավայրում, արագ ոչնչանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և տեսանելի լույսից, սակայն բարձր կոնտագիոզության շնորհիվ արագ տարածվում է։
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը նշեց, որ այս պահին հիվանդանոցում բուժվում է մեծահասակ մեկ հիվանդ։ «Վիճակը մոտենում է բավարարին, մոտ օրերս դուրս կգրվի։ Տարվա սկզբից հիվանանոցային բուժում է ստացել 5 հիվանդ»,-ասաց նա։ Մասնագետը նաև նշեց, որ հիվանդությունն առավել ծանր են տանում փոքրիկները։ Իսկ մինչև 3 ամսական երեխաների մոտ վարակը գրեթե աննկատ է անցնում` մորից ստացած իմունիտետի շնորհիվ։
«Կարմրուկն այն հիվանդություններից է, որ գրեթե միշտ երեխաների մոտ ուղեկցվում է թոքաբորբով։ Կարմրուկային թոքաբորբը բավականին ծանր և դժվար բուժվող բարդություն է։ Բայց, փառք Աստծո, մեր բոլոր դեպքերն առողջացումով դուրս են գրվել»,-ասաց գլխավոր ինֆեկցիոնիստը։
Բարդություններ են լինում նաև մեծահասակների մոտ` հիմնականում՝ էնցեֆալիտ:
«Կարմրուկին բնորոշ համաճարակաբանական օրինաչափություններից ուշագրավն այն է, որ տարիների ընթացքում բնակչության որոշակի խմբերում պատվաստումներ չստացած և կարմրուկի վիրուսի նկատմամբ ընկալ անձանց կուտակումը նպաստավոր պայմաններ է ստեղծում կարմրուկի վիրուսի շրջանառության համար, ինչի արդյունքում հեշտությամբ թիրախ գտնելով արագ տարածվում է՝ վտանգելով նաև մեկ դեղաչափ պատվաստում ունեցողներին: Սրանով էլ պայմանավորված է մի քանի տարվա ընդմիջումից հետո հիվանդության աշխուժացումը կամ բռնկումների առաջացումը»,- մեկնաբանեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը` հորդորելով ծնողներին չհապաղել իրենց փոքրիկներին կարմրուկի դեմ պատվաստումների գործում։