ԱՄՆ ռազմավարությունն Իրաքում «դեռ ամբողջական մշակված չէ». Օբամա
ԱՄՆ-ն դեռևս «ամբողջական ռազմավարություն» չի մշակել Իսլամական պետության գրաված տարածքներն Իրաքին վերադարձնելու համար: Այս մասին BBC-ի փոխանցմամբ` հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նա ասել է, որ Պենտագոնը դիտարկում է այն եղանակները, որոնցով կարող է օգնել Իրաքին և աջակցել ուժերը վերականգնելու հարցում:
Օբաման նաև հայտարարել է, որ իրաքցիներն իրենք են պահանջել ԱՄՆ-ի ամբողջական ներգրավվածությունն այս ճգնաժամում: Ավելի վաղ նա Մյունխենում անցկացվող G7 գագաթաժողովի շրջանակներում հանդիպել էր Իրաքի վարչապետ Հայդար ալԱբադիի հետ:
Չնայած ԱՄՆ-ի կողմից առաջնորդվող կոալիցիան շարունակական ավիահարվածներ է հասցնում ԻԼԻՊ-ին, սակայն վերջերս այն լուրջ հաջողությունների է հասել ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում:
Մայիս ամսին իսլամիստ զինյալները գրավել են Ռամադի քաղաքը` Իրաքի ամենամեծ նահանգի` Անբարի կենտրոնական քաղաքը, ինչպես նաև սիրիական Թադմուր քաղաքը և Պալմիրայի հարակից գյուղերը:
Օբաման ասել է, որ ԱՄՆ-ի 3000 հոգանոց անձնակազմով հրահանգիչների խմբի զեկուցմամբ Իրաքում մարզելու ավելի շատ պոտենցյալ կա, քան իրենք զորակոչել են:
«Մենք ամբողջական ռազմավարություն դեռևս չունենք, քանի որ դա պահանջում է իրաքյան կողմից որոշակի պարտավորվածությունների ստանձնում, այդ թվում` ինչպես պետք է իրականացվի զորակոչը, ինչպես պետք է իրականացվեն մարզումները»,-ասել է Բարաք Օբաման:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ իրենք ցանկանում են ավելի մեծ թվով զինվորականներ պատրաստել Իրաքի անվտանգությունն ապահովելու համար, ինչը ուզում է նաև Իրաքի վարչապետ Աբադին: Դա կարևորել է այն նպատակով, որ Իսլամական պետության դեմ պայքարի մեջ ներգրավվեն նաև սունի մուսուլմանները: Օբաման համոզմունք է հայտնել, որ իսլամիստ ծայրահեղականներն անպայման դուրս են մղվելու իրաքից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ հավելյալ 125 ռազմական հրահանգիչ է ուղարկվելու Իրաք` Իսլամական պետության դեմ պայքարի համար իրաքյան ուժերին վերապատրաստելու նպատակով: