Թուրքիայի խորհրդարանում հայկական թեման ակտիվանալու է. Ռ. Մելքոնյան
Էրդողանի գլխավորած կուսակցությունը դե ֆակտո հաղթեց Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն միևնույն ժամանակ պարտվեց, քանի որ չկարողացավ լուծել իր առջև դրված ոչ պլան մինիմումը, ոչ պլան մաքսիմումը,- լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ԵՊՀ Արևելագիտւոթյան ամբիոնի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Պլան մինիմումը՝ ստանալ 216 մանդատ և ձևավորել միանձնյա կառավարություն, մաքսիմումը՝ ստանալ 330 մանդատ և հիմք ունենալ իրականացնելու նախագահական լիազորությունների ուժեղացմանը միտված սահմանադրական փոփոխություններ»,-նշեց թուրքագետը:
Նա ընդգծեց, որ Էրդողանի կուսակցությունը չնայած որ լիդեր է, բայց կանգնած է լուրջ ճգնաժամի առջև, քանի որ ըստ կանխատեսվող սցենարների՝ կամ պետք է ստիպված գնալ կոալիցիայի, կամ ձևավորել փոքրամասնության կառավարություն:
Անդրադառնալով Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում ներկայացված հայ թեկնածուներին՝ Ռ. Մելքոնյանը հայտնեց, որ թուրքական խորհրդարանում կլինի երեք հայ պատգամավոր. «Մարկար Եսայանը, ով Թուրքիայում բավականին հայտնի լրագրող է, ընտրված է իշխող կուսակցությունից: Նա միշտ եղել է իշխանամետ լրագրող, միևնույն ժամանակ նա ծանոթ է հայկական և հայ համայնքի խնդիրներին, բայց նա հայ համայնքի թեկնածուն չէ»:
Ռ. Մելքոնյանի կարծիքով, ավելի շատ Մարկար Եսայանի ազգանունն օգտագործելու է իշխանությունը՝ իր տոլեռանտությունը ապացուցելու համար:
Նա հայտնեց, որ մյուս երկու թեկնածուներից տիկին Տոհանը նույնպես հայ համայնքի թեկնածուն չէ և նրանից էլ լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ:
«Երրորդ թեկնածուն՝ Կարո Փայլանը, ով ներկայացնում է «ժողովրդների ժողովրդավարություն» կուսակցությունը, Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներից է: Վստահորեն կարող եմ ասել, որ հայ համայնքի խնդիրներին խորագիտակ է»,-ասաց թուրքագետը:
Ըստ նրա՝ այս թեկնածուն միշտ բարձրացնում է հայկական ինքնության պահպանման հարցը:
Մելքոնյանը տեղեկացրեց նաև, որ Կարո Փալյանն այն մարդն է, ով գլխավորում է նախաձեռնությունը, որը կոչ է անում Թուրքիայում անցկացնել Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն և սատարում է Հայաստանցի թեկնածուին՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Սրբազանին:
Ամփոփելով ասուլիսը՝ թուրքագետը նշեց, որ 55 տարի Թուրքիայի խորհրդարանում հայ թեկնածու չի եղել, և որ Թուրքիայի խորհրդարանում հայկական թեման ակտիվանալու է: