Stratfor. Ինչ է սպասվում Թուրքիային ընտրություններից հետո
Ամերիկյան հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնը անդրադարձել է խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակին` փորձելով կանխատեսել, թե որ ուղղությամբ կընթանան զարգացումները:
Վերլուծական կենտրոնը նախ թվարկում է այն գործոնները, որոնք պատճառ են դարձել Արդարություն և զարգացում կուսակցության ձայների կորուստի համար: Ըստ այդմ` Stratfor-ը նշում է, որ նախ քրդամետ ձախակողմյան կուսակցությունը կարողացավ հաջող կերպով կենտրոնացնել իր քվեարկողների ձայները նաև ոչ քուրդ բնակչության շրջանում և այս կերպ օգտվեց Էրդողանի նկատմամբ առկա հասարակական դժգոհությունից:
Պատճառների թվում վերլուծական կենտրոնը նաև նշում է այն հանգամանքը, որ քրդամետ կուսակցությունը իր աջակցությունը ավելացրեց հենց պահպանողական քրդերի շրջանում` առավելապես կենտրոնանալով Անատոլիայի հավատացյալների վրա:
Տնտեսական անկման միտումները, նույնպես ըստ Stratfor-ի, նշանակություն ունեցան Էրդողանի կուսակցության քվեների կորստի հարցում, հատկապես այն դեպքում, երբ այդ անկման ֆոնին նկատելի է Էրդողանի կողմից երկրի արտաքին քաղաքականությունը և ուժային քաղաքականությունը իր ձեռքը կենտրոնացնելու անհագ ցանկություն:
Հետընտրական ուժերի դասավորվածությունը վերլուծական կենտրոնի գնահատկաններով` խոսում է Թուրքիայում գոյություն ունեցող քաղաքական ակնհայտ բևեռացվածության մասին: Այս համատեքստում Stratfor-ը քննարկում է կոալիցիոն կառավարություն կազմելու հավանականությունը:
« Խնդիրը նրանում է, որ ԱԶԿ-ն դարձել է քաղաքականապես թունավոր Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների համար: Եթե ցանկացած կուսակցություն միություն կազմի ԱԶԿ-ի հետ, այն ռիսկի կենթարկի իր ընտրողների վստահությունը: ԺԴԿ-ի առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը հավատարիմ է իր քաղաքականությանը՝ չմտնել ԱԶԿ-ի հետ կոալիցիայի մեջ: Հաշվի առնելով, որ քրդերն առաջին անգամ են մտնում խորհրդարան մեկ կուսակցության հովանու ներքո, դրա ռազմավարությունը հանգում է խորհրդարանում ուժեղ ընդդիմության ձևավորմանը»,- գրում է վերլուծական կենտրոնը:
Stratfor-ի գնահատականներով` թեև ԱԶԿ-ի և «Ազգայնական շարժում» կուսակցության միջև համագործակցության որոշակի օրինակներին, կոալիցիա կազմելուն կարող է խոչընդոտել քրդական հարցի խաղաղ կարգավորման մասով «Ազգայնական շարժում» կուսակցության ծայրահեղական մոտեցումը: Վերլուծական կենտրոնը պակաս հնարավոր է համարում նաև ԱԶԿ-ի և Ժողովրդա-հանրապետական կուսակցության կոալիցիոն համագործակցության հեռանկարը:
«Կուսակցությունների մեջ ակնհայտ բևեռացումը չափազանց հավանական է դարձնում այն տարբերակը, որ Էրդողանին չի հաջողվի առաջիկա 45 օրվա ընթացքում կառավարություն ձևավորել: Հետևաբար, նախագահն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոչ կանի, որոնք, սահմանադրության համաձայն, կկազմակերպվեն հրապարակման օրվանից սկսած՝ 90 օրվա ընթացքում: ԱԶԿ-ն կարող է որոշել փոքրամասնության կառավարություն ձևավորել: Այս սցենարով ԱԶԿ-ն կփորձի «Ազգայնական շարժում» կուսակցության հետ սակարկություն անել անհրաժեշտ 18 տեղերի համար՝ վստահության քվե ստանալու նպատակով: Այդ ճանապարհով կձևավորվի թույլ և անկայուն կառավարություն, որը կարող է հեշտությամբ անկում ապրել և ամեն դեպքում հանգեցնել արտահերթ ընտրությունների»,- գրում է Stratfor-ը:
Վերլուծական կենտրոնի գնահատմամբ` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից խորհրդարանում ներկայացված լինելու համար սահմանված 10 տոկոս արգելքի շեմի հաղթահարումն արդեն իսկ վկայում է Թուրքիայում մեծ քաղաքական անկայունության ձևավորման մասին: Քաղաքական ցնցումները ավելի առարկայական կդառնան, եթե ուժերի դասավորվածության արդյունքում պարզվի, որ քրդական հարցի խաղաղ կարգավորման սցենարը սառեցվում է: Դա, ըստ Stratfor-ի, կարող է հանգեցնել քրդական զինյալ պայքարի վերսկսման:
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում ԱԶԿ-ն հնարավոր է ՝դաս կքաղի և կփորձի իր կողմը գրավել միաժամանակ քուրդ և ազգայնական ընտրողներին: Stratfor-ը կանխատեսում է կտրուկ շրջադարձ մեկ ուղղությամբ՝ ամենայն հավանականությամբ, դեպի ազգայնական ընտրազանգված, եթե կուսակցությունը որոշ ժամանակ անց նորից քարոշարժավ սկսի:
Ավելի «ազգայնական» քարոշարժավը հղի է քուրդ անջատականների հետ նոր լարվածություն հրահրելու վտանգով»,- եզրափակում է Stratfor-ը: