Մահացել է Թուրքիայի ընդդիմության հանրահավաքի ժամանակ պայթյունից վիրավորված քաղաքացին
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից առաջ` հունիս 5-ին Դիարբեքիրում (պատմ. Տիգրանակերտ) ընդդիմության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետևանքով ծանր վիրավորված 17-ամյա քաղաքացին մահացել է հիվանդանոցում: Պաշտոնական տվյալներով` այդ օրը զոհվել էր 2 ցուցարար, իսկ ավելի քան 150-ը` վիրավորվել:
Թուրքական «Բուգյուն» լրատվական կայքը տեղեկացնում է, որ, չնայած մի քանի օրվա համառ պայքարին, բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի (Ջիվան Արսլան) կյանքը:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրում հանրահավաք էր կազմակերպել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), որի համանախագահ Սելահաթթին Դեմիթաշը հրապարակայնորեն ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Նշյալ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացել է 6 մլն 051 հզ 650 ձայն (13.12 %) և մեջլիսում կզբաղեցնի 80 պատգամավորական աթոռ: