Հանրապետականը և ՀՅԴ-ն դաշնակցել են Սահամանադրական փոփոխությունների «այո»-ն կեղծելու գործում. Լևոն Զուրաբյան
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին չի գոհացնում Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ առաջարկող Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի վարքը:
Նախ նա իր ելույթում կենտրոնացավ հեռուստաեթերով քարոզչության վրա, ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք արել են օրինագծի հեղինակներին ու հետո հայտնեց դժգոհությունը:
«Մենք մի պարզ առաջարկ ենք արել, որն աջակցություն ունի «Ժառանգության», ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի կողմից: Պարզ բան ենք առաջարկում՝ կա հանրաքվեին «այո» կամ «ոչ» մոտեցումը: Այն ուժերը, որոնք ուզում են մասնակցել հանրաքվեին, պետք է իրենց դիրքորոշումները հայտնեն կամ «այո»-ին, կամ «ոչ»-ին: Երկուսի համար էլ բացառապես հավասար կանոններ պետք է ստեղծվեն, ոչ թե մասնակիցների, այլ «այո»-ի և «ոչ»-ի ընտրարշավների համար, այլապես դուք խախտում եք հանրաքվեի մաքրությունն ու լեգիտիմությունը: Այս դեպքում կարող են ստեղծվել դաշինքներ: Հիմա դուք առաջարկում եք երեսունական անվճար րոպեներ ունենալ Հանրային հեռուստաընկերությամբ և հանդես գան միայն խմբակցությունները երկուական րոպեով: Ստացվում է՝ արտախորհրդարանական ուժերին ու ՀԿ-ներին դեն նետեցիք: Այսպիսով նաև, շատ քիչ ժամանակ է տրվում դեբատի համար ու խախտվում է հավասարությունը: Սա օրենք է, որ ապագա բոլոր հանրաքվեների համար է գործելու», ներկայացրեց ընդդիմադիր պատգամավորը:
Զուրաբյանն ասաց, որ իր համար տարօրինակ է` ինչու է օրինագծի հեղինակ դաշնակցական Արծվիկ Մինասյանը մեծամասնության հետ քննարկել, նոր հետո միայն հրաժարվել իրենց առաջարկություններից:
«Օրինագծի հեղինակը կամ հեղինակները չգիտես`ինչու ընտրել է մեծամասնության հետ մեր առաջարկները համաձայնեցնելու մարտավարությունը: Այսինքն` նրանք մեր առաջարկներից ընտրել են այն ինչը կարողացել են համաձայնեցնել մեծամասնության հետ: Ինչո՞ւ են նրանք այդ քայլին գնացել», -դիմելով Մինասյանին, հայտարարեց նա:
Պատասխանը Զուրաբյանը գիտե. «Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունները դաշնակցել են ոչ միայն այս ՍԴ փոփոխություններին այո ասելու գործում, այլ նաև այդ «այո»-ն կեղծելու գործում: Բայց մի բան էլ ասեմ` Դաշնակցությունն ում հետ համագործակցել է, այդ ուժերը շատ վատ վախճան են ունեցել»: