Հուլիսի 1-ից զինվորականների կենսաթոշակները կբարձրանան
ՀՀ կառավարության որոշմամբ «2015 թվականի հուլիսի 1-ից զինվորականների կենսաթոշակները կբարձրացվեն: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Կառավարությանի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարաված փոփոխությունների համաձայն՝ զինվորական կենսաթոշակի գծով 2015 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակի հիմնական չափը կկազմի 16000 դրամ՝ նախկին 14000 դրամի փոխարեն, իսկ զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը կկազմի 1500 դրամ՝ 1300 դրամի փոխարեն:
«Կենսաթոշակների շարունակական բարձրացումը գտնվում է կառավարության քաղաքականության գերակայությունների շրջանակներում և զինծառայողների կենսաթոշակը այս տարվա հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել միջինը 14 տոկոսով»,- ասաց նախարարը:
Այսպիսով, սպայական անձնակազմի զինվորակաների կենսաթոշակը կկազմի 90 հազար դրամ նախկին 79900 դրամի փոխարեն, սպայական անձնակազմի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 43280 դրամ՝ 37846 դրամի փոխարեն (աճը՝ 14.4 տոկոս), սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 40852 դրամ՝ 35728 դրամի փոխարեն (աճը՝ 14.3 տոկոս), 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34028 դրամ՝ 29980 դրամի փոխարեն, իսկ 3-րդ խմբի հաշմանդամներինը կկազմի 22338 դրամ՝ 19756 դրամի փոխարեն:
Հուլիսի 1-ից շարքային անձնակազմի (ԽՍՀՄ բանակի շարքային կազմ) 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 36000 դրամ՝ 31500 դրամի փոխարեն, շարքային անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 26000 դրամ՝ 23100 դրամի փոխարեն, 3-րդ խմբի հաշմանդամներինը կկազմի 18000 դրամ՝ 15750 դրամի փոխարեն:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի հաշմանդամի համար կազմի 36000 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 26000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18000 դրամ:
Պպարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կկազմի 24 հազար դրամ՝ 21000 դրամի փոխարեն, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 80000 դրամ:
Ա.Ասատրյանը հայտնեց, որ սպայական անձնակազմի կենսաթոշակ ստանում են այն զինծառայողները, որոնք ունեն ավելի քան 20 տարվա զինվորական ծառայության ստաժ: Բացի այդ, հաշվարկում է ոչ զինվորական ծառայության աշխատանքային ստաժը:
Նշենք, որ զինվորական կենսաթոշակ ստանում է շուրջ 35 հազար մարդ: