ԳԱԿ-ում բացված «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրության մուտքը տասը օր կլինի անվճար
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Հայկական թաղամաս» ցուցադրությունը, որը ներկայացնում է անկախության շրջանի հայ կերպարվեստի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությունները: Արվեստի կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 10-19-ը ներառյալ «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրության մուտքը կլինի անվճար:
«Հայկական թաղամաս» ցուցադրությունը ներկայացնում է Սարգիս Համալբաշյանի վերջին տարիներին ստեղծած գեղանկարների ընտրանին, այդ թվում «Գտանք Մեսիային» կտավը Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև գծանկարների շարք:
«Սարգիս Համալբաշյանի հայացքն ընդգրկուն է, կենդանի, նրա արվեստը բիոլոգիա՝ կենսաբանություն է, այլ ոչ թե ֆիզիկա: Նա տեսնում է մշակույթը, որ աճում է ոչ միայն վերև, այլև տարածվում է հորիզոնական և մխրճվում հողի մեջ»,- արվեստագետին այսպես է բնութագրում արվեստի քննադատ Վարդան Ջալոյանը:
Սարգիս Համալբաշյանը ծնվել է Գյումրիում 1956 թվականին: Ավարտելով Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան կերպարվեստի ուսումնարանը՝ Համալբաշյանը դարձավ ժամանակակից արվեստի ակտիվ ներկայացուցիչներից մեկը Հայաստանում: Սարգիս Համալբաշյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում և արտերկրում, այդ թվում անհատական ցուցադրությունների շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում (2006), «Melina Mercury» սրահում, Նիկոսիա, Կիպրոս (2002), «Die Bodenschatz» պատկերասրահում, Բազել, Շվեյցարիա (2001), Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունում, Երևան, Հայաստան (1997), «New Academy» պատկերասրահում, Լոնդոն, Միացյալ Թագավորություն (1992): Խմբային ցուցահանդեսների շրջանակներում նրա ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Իտալիայում, Թուրքիայում և այլ երկրներում: 2008 թվականին Սարգիս Համալբաշյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարչի կոչման:
Նախորդող հրապարակումներ՝
ԳԱԿ-ում բացվելու է «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրությունը
Գաֆէսճեանում այս տարվա ցուցահանդեսային ծրագիրն ամբողջովին նվիրված է հայ արվեստին. Ա. Մարաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա