Ամուսնուս հետ ձեռք ձեռքի տված մեր գործն ենք սկսում այստեղ. հալեպահայ տիկին Յոլանդ (լուսանկարներ)
«Ես և ամուսինս ձեռք ձեռքի տված այս երեք տարի է Հայաստանում փորձում ենք մեր փոքրիկ գործը սկսելով առաջ գնալ»,-այսօր Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կազմակերպած էքսպո ցուցահանդեսի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հալեպից եկած Յոլանդ Ռշտունին, ով զբաղվում է սիրիական անուշեղենի, թխվածքների փոքրիկ արտադրությամբ:
«Հալեպում չեմ աշխատել, տանտիկին եմ եղել, ամուսինս է աշխատել: Պատերազմի պատճառով եկանք Հայաստան և մեր փոքրիկ գործը սկսեցինք՝ ապրելու համար: Այստեղ վարձով ենք բնակվում, մեր տանն էլ պատրաստում ենք այս ամենը»,-պատմեց տիկին Յոլանդը:
Նրա ամուսինը՝ Ռաֆֆի Ռշտունին էլ նշեց, որ այստեղ շատ դժվար է որևէ գործ սկսելը. «Խանութ չունենք, տուն չունեինք, իսկ անտեղ ամեն ինչ ունեինք: Մենք այստեղ օրենքներին ծանոթ չենք, ուզում ենք մեզ օգնեն, որ հասկանանք ինչը ինչպես պետք է արվի: Այստեղ որ խանությում ուզում ենք վաճառել մեր ապրանքը, չեն վերցնում, ասում են, որ հարկայինով պետք է լինի»:
Նրանք նշեցին, որ վաճառքը կազմակերպվում է ցուցահանդեսներում, սոցցանցերով և հեռախոսով պատվերներ ստանալով:
Հարցին, թե արդյոք ցանկություն ունեն հետագայում Սիրիա տեղափոխվելու՝ ամուսինները նշեցին. «Ոչ: Մի քիչ խաղաղվի, գնանք մեր տունը, խանութը ծախենք, գանք այստեղ հաստատվենք»:
Ցուցահանդեսին մասնակից կանայք էին եկել նաև մի շարք մարզերից:
Լոռու մարզի Ախթալա քաղաքից ցուցահանդեսին ներկա տիկին Սիրանուշն էլ նշեց, որ զբաղվում է դեղաբույսերի մշակմամբ, որոնց մեջ են մտնում մելիսա, դաղձ, ուրց, մայրամախոտ:
Նա ասաց, որ իրենք ցանկանում են հեռավոր գյուղերում տեղի ռեսրուսների հիման վրա աշխատատեղեր ստեղծել. «Վաճառքը միշտ տեղում ենք կատարել, հիմա ուզում ենք ընդլայնել: Հիմա ուզում ենք Հայաստանի երիտասարդ կանաց ասոցիացիայի աջակցությամբ ստեղծել չորանոց, որը նաև համայնքում կանանց համար աշխատատեղերի խնդիր կլուծի: Այնուհետև դրսի հետ կապեր ձեռք բերելու հնարավորություն կստեղծի»:
Թալինից եկած Շուշանիկ Ներսիսյանն էլ, ով զբաղվում էր ոչխարի բրդից պատրաստված վերմակների արտադրությամբ, նշեց, որ ՓՄՁ-ից ծրագիր է շահել և մեկ տարի է ինչ զբաղվում է այս գործով. «Գործունեությունը ծավալում ենք Թալինում, բուրդը գնում ենք գյուղացիներից»:
Նա ՀՀ վարչապտի «Լավագույն կին գործարար 2014» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Լավագույն կին նորարար» մրցանակին:
Նա նշեց, որ արտադրանքի սպառումը հիմնականում Հայսատանի ներսում է կատարվում, սակայն մասնակցել է Կին Ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կազմակերպած միջոցառումներին, որտեղ ծանոթացել են դրսից ժամանած կին գործարարների հետ՝ կփորձեն նաև հետաքրքրվել դրսի շուկայով:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին մեկնարկել է Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը, որը կազմակերպվել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM.org) հովանու ներքո, որի լիիրավ անդամ է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ կին ձեռներեցների ցանցը:
Երևանյան շաբաթի ընթացքում անց է կացվում միջազգային համաժողով, էքսպո ցուցահանդես և մի շարք այլ ճանաչողական ծրագրեր:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ-ում ձեռներեցությամբ զբաղվող կանայք մեծ պոտենցիալ ունեն. Մարի Քրիստին Օղլի
«Առնվազն կրկնապատկելու տեղ ունենք». Վ. Գաբրիելյանը՝ կանանց ձեռներեցության մասին
Մեկնարկեց Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը (լուսանկարներ)