Միրգը շատ ընտանիքների համար ճոխություն է դարձել. Արտահանե՞լ, թե՞ ոչ
Այս տարի դուք էժան միրգ չկերաք.
Ռուսաստանաբնակ հայերից մեկն օրեր առաջ «Ֆեյսբուք»-ում մի գրառում էր կատարել, ըստ որի Հայաստանից Ռուսաստան միրգ -բանջարեղեն ներկրողների թիվը կտրուկ ավելացել է: Նման ենթադրության օգտատերը հանգել է իր շրջապատի տվյալներն ամփոփելով. «Նախկինում իմ շրջապատում էդ գործով զբաղվողներից միայն Հովոն էր, հիմա մի քանիսն են … Ի՞նչ եմ ուզում ասել. աչքիս էս տարի դուք էժան միրգ չկերաք, Մոսկվան թույլ չի տա»:
Իրոք` մրգի արտահանումը ավելացել է.
Panorama.am-ին գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի տրամադրած տվյալները ևս վկայում են, որ Հայաստանից մրգի արտահանման ծավալներն ավելացել են:
Վկայակոչելով ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության օպերատիվ տեղեկատվությունը, Մակարյանը նշում է, որ 2015թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանվել է 3162.69 տոննա պտուղ, հատապտուղ և խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2835.13 տոննայի դիմաց:
Ինչ վերաբերում է արտահանողների ով լինելուն, ապա նախարարության պաշտոնյան հստակեցնում է. «Հայաստանից թարմ պտուղբանջարեղեն արտահանող խոշոր ընկերությունը «Սպայկա» ՍՊԸ-ն է և շուրջ 30 իրավաբանական և ֆիզիկական անձիք: Բացի այդ, արտահանումներ են իրականացնում բազմաթիվ այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք»:
Նախարարությունից նշեցին, որ արտահանման աշխարհագրությունը գրեթե չի փոխվել և հիմնական արտահանումները կատարվում են ՌԴ և Վրաստան:
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ընթացիկ տարում սպասվում է պտուղբանջարեղենի, մասնավորապես` ծիրանի առատ բերք և ակնկալվում է, որ 2014 թվականին արտահանված 1791 տոննա ծիրանի դիմաց ընթացիկ տարում կարտահանվի ավելի քան 20000 տոննա ծիրան: Նախորդ տարվա համեմատությամբ կանխատեսվում է նաև պտղի այլ տեսակների, խաղողի և բանջարեղենի արտահանման ծավալների, ինչպես նաև արտահանման գործընթացում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց քանակի զգալի ավելացում»,-ասաց գյուղատնտեսության փոխնախարարը:
Իրոք` մրգի գինը ավելացել է.
Այն, որ նախորդ տարվա համեմատ հայաստանյան շուկայում մրգի գինը ավելացել է, փաստում են նաև Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Օրերս հրապարակած տեղեկատվության համաձայն, մրգի ապրանքախմբում 2015թ. մայիսին 2014թ. մայիսի համեմատ գրանցվել է 24.2%, իսկ 2015թ. ապրիլի համեմատ` 3.9% գնաճ: 2015թ. մայիսին ապրիլի համեմատ ընկույզի միջուկի գինն աճել է 1.0%-ով, չամիչինը՝ 2.2%-ով, կիտրոնինը՝ 6.8%-ով, խնձորինը՝ 18.3%-ով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2015թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է մրգի 1.0-8.0% գնաճ, իսկ մեկում՝ 0.4% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4.2%-ով:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը համակարծիք է ռուսաստանաբնակ օգտատիրոջ հետ: Նա նկատել է, որ շատ հայաստանցիների համար նույնիսկ այս սեզոնին միրգը ճոխություն է դարձել:
«Հայաստանից մրգի արտահանումը հիմնականում տեղի է ունենում դեպի Ռուսաստան: Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը մի քիչ ավելի է հեշտացրել արտահանման գործընթացը: Եթե համադրենք ծավալները, ապա Հայաստանում արտադրվող մրգի ծավալները Ռուսաստանի մի փոքր տարածաշրջանի մի խոշոր սուպերմարկետի պահանջարկը չեն կարող բավարարել: Այդ տեսանկայունից, հնարավոր է, որ Հայաստանից արտահանման ծավալները հասնեն այն մակարդակի, որ Հայաստանի արտադրանքի զգալի մասը կազմի արտահանումը, և ներքին շուկայի պահանջարկը չբավարարվի, և դա կարող է իրոք գնաճի պատճառ դառնալ, ինչն իրոք արդեն նկատելի է: Շուկայում միրգը նախորդ տարվա համեմատ թանկացել է, նույնիսկ հայկական մրգերն ավելի թանկ են, քան ներմուծվածը»,-Panorama.am-ին ասաց տնտեսագետը:
Գնաճը` մտահոգիչ.
Մ. Առաքելյանը մրգի ու բանջարեղենի գնաճը հայաստանցիների համար մտահոգիչ է համարում, քանի որ ամռան ամիսներին նրանց սպառման ապրանքների շրջանակում բավականին մեծ մասնաբաժին ունեն, ու ամռան ամիսներին բնակիչների ծախսերը զգալիորեն կրճատվել են հենց տեղական գյուղատնտեսական ապրանքների էժանացման շնորհիվ. «Սակայն այս տարի գնաճ է նկատվում: Բազմաթիվ ընտանիքների համար միրգ գնելը դարձել է ճոխություն»:
Տնտեսագետը գնաճի համար մատնանշում է նաև վերավաճառոզղների խնդիրը, գյուղացին գյուղում իր արտադրանքը մի գնով է վաճառում, իսկ վերջնական սպառողին դա այլ գնով է հասնում:
Տնտեսագետի կարծիքով, եթե խոսքը վերաբերում է բնակչության համար առաջին անհրաժեշտության ապրանքին, պետք է լինի ռեզերվային ինչ-որ ծավալ, որը բավարարի ներքին սպառման մակարդակը, որից հետո միայն նոր կարելի է իրականացնել արտահանում:
Ռեզերվային մակարդակի սահմանման անհրաժեշտությունը.
«Սակայն եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսության ոլորտում նույնպես շուկայական հարաբերություններ են տիրում, այսինքն յուրաքանչյուր արտադրող ինքն է որոշում, թե ոնց իրացնի իր արտադրանքը, արտահանման հետ կապված Հայաստանում էլ սահմանափակումներ չկան, ապա շուկայում գինը ձևավորվում է առաջարկի ու պահանջարկի միջոցով, արտադրողներն էլ իրենք են որոշում, որտեղ իրացնեն իրենց արտադրանքը: Իհարկե ցանկալի էլ չի, որ արտահանման համար ինչ-որ արգելք սահմանվի, սակայն պետությունում պետք է որոշակի ռեզերվային մակարդակ սահմանվի, որպեսզի գնաճի չհանգեցնի»,-կարծիք հայտնեց Մ. Առաքելյանը: