Արտոնագրային վճարների նոր դրույքաչափեր` թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների համար
Գործադիրն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով արտոնագրային վճարների նոր դրույքաչափեր են սահմանվելու թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների համար: Կառավարության որոշումը համարվեց անհետաձգելի, և առաջարկվեց նախագիծը հրատապ ներկայացել ՀՀ ազգային ժողովի քննարկմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ օրենքի փոփոխությունը միտված է ոսկեգործությանը օժանդակելուն:'
«Սա մի ոլորտ է, որ պետք է լինի հատուկ մոտեցում։ Պարզ է, որ եթե մենք շրջանառության հարկի տեսանկյունից դիտարկենք, ապա թուղթ ձեռքբերելու հնարավորությունը, կարծես, զրո է, ու այդ ոլորտը կընկներ 5 տոկոս հարկման տակ։ Մենք սահմանել ենք ու տալիս ենք հնարավորություն ոլորտը զարգացնելու համար»,- ասաց վարչապետը:
Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի փոխանախարար Էմիլ Տարասյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ օրենքի փոփոխության համար հիմք են հանդիսացել «Շրջանառության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որի համաձայն` շրջանառության հարկի հաշվարկման նոր մեխանիզմ էր սահմանվել։ Մասնավորապես, հանվել է փաստաթղթավորման պարտադիր պահանջը, բայց թանկարժեք մետաղների և քարերի առևտրով զբաղվող տնտեսավարողների շրջանում շարունակվեց բողոքների ալիքը:
«Դժգոհությունը պայմանավորված է եղել գործունեության առանձնահատկությամբ, մասնավորապես հաշվի առնելով վաճառվող ապրանքի` թանկարժեք մետաղի ու դրանցից պատրաստված իրերի բարձր ինքնարժեքը, միաժամանակ վաճառքի ցածր գումարը, փաստաթղթերի ներկայացման սահմանափակ հնարավորությունները»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այսպիսով որոշում է կայացվել առանձնահատուկ դրսևորել թանկարժեք մետաղների և քարերի առևտրով զբաղվող տնտեսվարողների նկատմամբ:
Է. Տարասյանը նշեց, որ օրենքի նախագծի համաձայն` առաջարկվում է մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ընկերությունների համար սահմանել արտոնագրային վճար, իսկ եթե սպառման ծավալներն ավելանան, ապա տնտեսվարող սուբյեկտը կանցնի ընդհանուր հարկման դաշտ և կհարկվի ԱԱՀ-ով:
Այսպիսով, «Արտոնագրային վճարների մասին» օրենքով ներկայացվում է հարկման սխեմա, որը Երևանի համար սահմանում է 35 հազար դրամ մինչև 0.7 գծամետր տարածքի համար, եթե լրացուցիչ ավելացվի սեղանիկի չափը, ապա յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար Երևանում աշխատող սուբյեկտից կգանձվի 5 հազար դրամ:
Մարզկենտրոններում 0.7 գծամետրի համար՝ 25 հազար և 3000 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։ Այլ քաղաքներում՝ 20 հազար դրամ և 2500 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։ Այլ վայրերում սահմանվում է 15 հազար դրամ և 2000 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։
Է. Տարասյանը հայտնեց, որ սահմանամերձ շրջաններում արտոնագրային վճարը սահմանվում է 0 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները