ԱԺ-ում Հանրաքվեի մասին օրենքում Դաշնակցության փոփոխություններն ընդունվեցին իրարանցման պայմաններում
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր Ազգային ժողովում ընդունվեց բուռն իրարանցման պայմաններում: Օրինագծին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ էին` 11-ը, իսկ ձեռնպահ` 20-ը:
Մինչև քվեարկությունը օրինագծի վերաբերյալ խմբակցությունների ներկայացուցիչները հայտնեցին իրենց դիրքորոշումը, ինչի ընթացքում մեծ իրարանցում առաջացավ նիստերի դահլիճում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու` քանի որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել և հաշվի են առնում այն, որ առաջարկվող օրինագիծը նախորդի համեմատ առաջընթաց է ապահովելու:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հիշեցրեց երեկվա ելույթը, հայտարարեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել, թեպետ հեղինակը պնդում էր, որ Օրինաց երկիր խմբակցությունը առաջարկներ չի ներկայացրել:
«Մենք առաջարկում ենք հետաձգել այս նախագիծը, եթե ոչ, մենք դեմ կքվեարկենք և խորհուրդ կտամ իմ ընկերներին ուշադիր լսել հետո անցնել կոռեկտության սահմանները»,- հայտարարեց Բիշարյանը` ակնարկելով պատգամավոր Արծվիկ Մինասյանին, որը երեկվա նիստում Բիշարյանին անվանել էր «չհասկացող»:
Դարձյալ քվեարկությունից առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ 4 խմբակցության կողմից ներկայացրած առաջարկությունները չընդունելով Հայաստանում կկայանա «ևս մեկ ոչ լեգիտիմ հանրաքվե»:
«Այդ հանրաքվեն հենց այսօրվանից կարելի է ոչ լեգիտիմ համարել, բայց մենք, միևնույնն է, մարտահրավերն ընդունում ենք և ամեն ինչ կանենք, որ այդ հանրաքվեն վերածենք Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի»,-հայտարարեց Զուրաբյանը:
Օրինագծի հեղինակ Արծվիկ Մինասյանը ստիպված եղավ բացատրել, որ ներկայացված 13 առաջարկություններից 8-ն ընդունվել են, մյուս հինգ առաջարկությունները առաջարկվել է քննարկել ընտրական համակարգի փոփոխությունների համատեքստում:
«Մենք ոչ թե մերժել ենք, կամ չենք ընդունել, այլ հակառակը, ասել ենք համընդհանուր քննարկման առարկա դարձնենք»,-հավելեց պատգամավորը:
Պատգամավորների շրջանում բարձրացված աղմուկն այնքան մեծ էր, որ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց «վերջացնել պատերազմը»:
«Իմիջիայլոց, սա առաջին դեպքն է. միշտ ընդդիմություն-իշխանությունն են կռվել, էսօր ընդդիմությունն է կռվում ընդդիմության հետ: Գործ չունեք իրար հետ, եկեք, մեզ հետ կռվեք», -դիմելով պատգամավորներին, հայտարարեց ԱԺ նախագահը:
Նրա այս հորդորն ընդունվեց ծափահարություններով:
Հարակից հրապարակումներ`
«Սուտասանը դուք եք». Արծվիկ Մինասյանը ցավում է Լևոն Զուրաբյանի համար
Հանրապետականը և ՀՅԴ-ն դաշնակցել են Սահամանադրական փոփոխությունների «այո»-ն կեղծելու գործում. Լևոն Զուրաբյան
Պետք չէ Վենետիկի հանձնաժողովը դարձնել սուրբ կով. Նաիրա Զոհրաբյանը` Արծվիկ Մինասյանին
Հանրապետականը և ՀՅԴ-ն դաշնակցել են Սահամանադրական փոփոխությունների «այո»-ն կեղծելու գործում. Լևոն Զուրաբյան