ԱՄՆ պետքարտուղարություն. Մինչև հունիսի 30-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ հնարավոր է հասնել համաձայնության
«Մինչև հունիսի 30-ը Իրանի միջուկային խնդրի շուրջ հնարավոր է հասնել համաձայնության»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեֆ Ռատկեն:
Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ վերջնական համաձայնագրի ստորագրման հնարավորությանը, մասնավորապես նշել է. «Մենք հարգում ենք մինչև հունիսի 30-ը բանակցությունները շարունակելու և վերջնական համաձայնության հասնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները և հավատարիմ ենք մնում դրանց, միևնույն ժամանակ համոզված ենք, որ մինչև նշված ժամկետը հնարավոր է միջուկային խնդրի շուրջ հասնել համաձայնության»:
Ջեֆ Ռատկեն, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ոտքի վնասվածքին, հույս է հայտնել, որ վերջինս կապաքինվի և կկարողանա մասնակցել հունիսի վերջին Եվրոպայում Իրանի միջուկային խնդրի շուրջ սպասվող վճռորոշ բանակցություններին:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով բանակցությունների ժամկետների երկարացման մասին շրջանառվող լուրերին, նշել է. «Դեռ վաղ է խոսել բանակցությունների ժամկետը երկարացնելու մասին, կողմերը դեռ ջանքեր են գործադրում, որպեսզի ստեղված առիթն օգտագործելով հասնեն որոշակի հաջողության: Մենք կողմ ենք, որպեսզի ձեռք բերվի արդարացի համաձայնություն»:
Նշենք, որ ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»՝ Լոզանում արված համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը պետք է մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում համաձայնագրի տեքստի մշակման շուրջ բանակցություններ վարեն, որպեսզի հունիսին ձեռք բերվի վերջնական համաձայնությունը: