Խորհրդային ապամոնտաժված քանդակները հավաքվում են Գյումրիում
Հայաստանի տարածքում խորհրդային շրջանում ստեղծված և կանգնեցված, բայց անկախությունից հետո իրենց գաղափարախոսության պատճառով ապամոնտաժված քանդակները հավաքվելու են մեկ վայրում՝ Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ ստեղծվելիք Ժամանակների համերաշխության մշակութային համալիրում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի հիմնադիր, «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կրթամշակութային վերլուծությունների և զարգացման ՀԿ-ի նախագահ Արթուր Գևորգյանը:
«14 հեկտար տարածք ունենք, որտեղ, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ իրականացվելու է Ժամանակների համերաշխության մշակութային համալիրը: Այժմ հաստատվում է նախագծա-նախահաշվարկային փաթեթը: Խորհրդային շրջանում կանգնեցված, 1991-94 թվականներին ապամոնտաժված քանդակները հավաքվելու են այդ համալիրում: Այն իրենից ներկայացնելու է վերականգնողական երեք արվեստանց, այցելությունների, ցուցադրությունների սրահ»,- ասաց նա:
Ա. Գևորգյանի խոսքով, այս պահին իրենք տեղյակ են նման 34-ից 60 հուշարձանի մասին, որոնք գտնվում են տարբեր գյուղերում, գոմերի պատերի տակ, լքված վայրերում:
«Մենք արդեն ունենք մինչև 1981 թվականը կառուցված բոլոր հուշարձանների ցանկը: Դա մեզ հնարավորություն կտա հատ-հատ հարցում անել բոլոր համայնքներում ու արդյունքում հավաքել հնարավորինս շատ քանդակներ»,- նշեց նախագծի հեղինակը:
Ըստ նրա, բոլորն էլ, բնականաբար, վերականգնելու խնդիր ունեն, սակայն առաջին փուլում միայն հավաքչական աշխատանքներով են զբավելու:
«Այդ ապամոնտաժված հուշարձանները, որոնք ստեղծվել են մեր պապերի, ծնողների ջանքերով, ավելի մեծ գեղարվեստական արժեք են ներկայացնում, քան գաղափարախոսական: Մեծ պատիվ է մի տեղում ունենալ Մերկուրովի կերտած Լենինի երկու արձան: Ղուկասյանի շրջանի շուրջ 35 հազար բանվոր մեկ շաբաթվա աշխատավարձը փոխանցել էին, որպեսզի Ղուկաս Ղուկասյանի արձանը պատրաստվի ու տեղադրվի: Այդ ամենը մեր պատմության, արվեստի մի մասն է կազմում»,- ասաց Ա. Գևորգյանը՝ հավելելով, որ պետք է կարողանալ տեր կանգնել հազարամյակների պատմություն ունեցող մեր մշակույթին՝ անկախ, թե ինչ գաղափարախոսության են այդ հուշարձանները, արվեստի գործերն իրենց մեջ կրում:
Ժամանակների համերաշխության մշակութային համալիրը կազմելու է Գյումրու Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի մի հատվածը: Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը, Ա. Գևորգյանի ներկայացմամբ, ամբողջ Գյումրին է:
Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը ներառում է 99 արձան, նաև՝ հուշատախտակներ, հուշասյուներ, հարթաքանդակներ, որմնանկարներ, խաչքարեր. «Հաշվառումը դեռ ավարտված չէ: Վերջնական արդյունքում կունենանք հսկայական թանգարան՝ եզակի իր չափերով ու նշանակությամբ: Գյումրիում կան հազարից ավելի շենք-շինություններ, որոք հուշարձանի կարգավիճակ ունեն: Նաև տարիների ընթացքում ստեղծվել են հուշարձաններ, աղբյուրներ, որոնք պետական կամ համայնքային նշանակություն չունեն, բայց սխալ կլինի դրանք անտեսել, մերժել ու չհանրահռչակել: Այս ամբողջից ելնելով՝ Գյումրին արդեն իսկ բացօթյա թանգարան է: Սրան գումարվում է նաև 2013 թվականին ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակներում իրականացված Քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումի ընթացքում ստեղծված քանդակները»:
Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը հիմնադրվել է 2014 թվականի օգոստոսին, նախ որպես համայնքային ոչ առևտրական կազմակերպության մասնաճյուղ, իսկ այժմ մշակույթի նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի համատեղ ջանքերով վերածվում է որպես պետական ոչ առևտրային կազմակերպության:
Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանն իր ամբողջական տեսքը, ըստ Ա. Գևորգյանի, կստանա տարիների ընթացքում. «Նորմալ պարկ-թանգարան ստեղծելու համար տարիների քրտնաջան աշխատանք է պետք: Մենք ոչ մի տեղ չշտապելով՝ ուզում ենք ունենալ եզակին ու լավագույնը, որը վայել է հային»:
Ա. Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ հուլիսի երկրորդ կեսին կայանալու է Գյումրու Քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումը: Այն տևելու է երեք շաբաթ: Իրականացնողը Գյումրու «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ն է՝ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Գործընկերներն են՝ մշակույթի նախարարությունը, Շիրակի մարզպետարանը:
Գևորգյանն ասաց, որ հրավիրել են հինգ արտասահմանցի և չորս տեղացի մասնակիցներ. իրականացվելու է մրցույթ և ընտրվելու են երեք մրցանակակիրներ, որոնց տրվելու է մրցանակներ՝ գումարի տեսքով: Նաև նշեց, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության հայկական ընկերությունը և շինարարությունն իրականացող իսպանական ընկերությունը պատրաստակամություն են հայտնել տրամադրել բարձր որակի քարեր և տեղափոխել դրանք, ինչը մեծ աջակցություն է: