Հայաստանում վերջին 10 տարիներին գրանցվել է մալարիայի 3 դեպք
Հայաստանը մալարիայից պաշտպանված երկիր է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Նրա խոսքերով՝ վերջին 10 տարիներին հանրապետությունում արձանագրվել են միայն Աֆրիկա մայրցամաքից բերովի եզակի դեպքեր:
«Ընդամենը 3 դեպք է գրանցվել, մեկը 2014թ-ի աշնանը՝ ռուս զբոսաշրջիկի մոտ, 2-ը՝ այս տարի: Երեք հիվանդներն էլ եկել են Աֆրիկայից»,- նշեց Ա.Ասոյանը:
Նշենք, որ հունիսի 10-ին Տանզանիայից Հայաստան ժամանած Ֆինլանդիայի քաղաքացու մոտ մալարիա է հայտնաբերվել:
Մասնագետները նրա վիճակը գնահատում են հիվանդությանը բնորոշ։ Կա լավացման միտում:
«Հիվանդությունը ժամանակին հայտնաբերվել է և բուժումը նորմալ է ընթանում»,- նշեց վարակաբանը:
Ա.Ասոյանը նաև հայտնեց, որ երեք օր առաջ հիվանդանոցից դուրս է գրվել մալարիայով վարակված ևս մեկ հիվանդ: Նա ՀՀ քաղաքացի է, և նույնպես Տանզանիայից էր Հայաստան եկել:
«Կարևորն այն է, որ բոլորն էլ բուժվում են, իսկ մինչ այդ արձանագրված դեպքերի հետևանքով մահ չի գրանցվել»,- ասաց նա:
Նշենք, որ 2006 թվականից ի վեր Հայաստանում տեղական մալարիայի դեպքեր չեն արձանագրվել: 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:
Ա.Ասոյանի խոսքերով՝ հիվանդությունը փոխանցվում է անոֆելես (Anopheles) տեսակի մոծակների միջոցով, որոնցից Հայաստանում չկան:
«Այսինքն՝ հիվանդության հարուցիչները վարակված մարդկանցից առողջներին են անցնում անոֆելես ցեղին պատկանող մոծակների միջոցով: Փառք Աստծո, մեզ մոտ այդ մոծակներից չկան»,- նշեց Ա.Ասոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա