«Քեզ հետ, Հայաստան». «Արդյունքը` սպասվածից առավել»
«Հայաստանում ու, առհասարակ, ամբողջ աշխարհում նմանը չունեցող «Քեզ հետ, Հայաստան» ծրագրի շրջանակում արդեն չորս համերգ է կայացել. մոլորակի ամենահայտնի բեմերում աշխարհի մեգաաստղերը ելույթ են ունեցել՝ իրենց կատարումները նվիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:
Նա նշեց, որ աշխարհի հայտնի բեմերից առանց վախենալու ներկայացնում են հայկական ուժը, գենետիկ հզորությունը: «Քեզ հետ, Հայաստան» ծրագիրն արդեն իրականացվել է Երուսաղեմում, Տալինում, Բրյուսելում, Նյու Յորքում: Առաջիկա ամիսներին համերգներ են կայանալու Լոնդոնում, Սանկտ Պետերբուրգում, Հռոմում, Վիենայում:
Կայացած չորս համերգի ընթացքում կատարվել են՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Ալեքսանդր Հարությունյան, Ալեքսանդր Իրադյան, Ստեփան Ռոստոմյան, Տիգրան Մանսուրյան, Վաչե Շարաֆյան, Աննա Ազիզյան:
Նախագծի մասնակիցներն են՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբ, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ, «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբ, Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ, «Կամերատաս Զալցբուրգ» նվագախումբ, Զալցբուրգի երգչախումբ, Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբ, «Հորտուս Մուզիկուս» անսամբլ, «Հովեր» պետական կամերային երգչախումբ, դիրիժորներ և մենակատարներ՝ դիրիժոր և ջութակահար Պինկաս Ցուկերման, Անդրես Մուստոնեն, դիրիժորներ Դանիել Հարգինգ, Վալերի Գերգիև, Ջոն Աքսելորդ, Ջորջ Փեհլիվանյանը, դաշնակահարներ Եվգենի Կիսին, Ալեքսանդրո Տավերնա, Լիլի Մայսկի, Վարդան Մամիկոնյան, ջութակահարներ Մաքսիմ Վենգերով, Դանիա Ադամյան, խմբավար Սոնա Հովհաննիսյան, թավջութակահարներ Միշա Մայսկի, Վահե Ռոստոմյան, շեփորահար Սերգեյ Նակարիակով:
«Դժվար, նաև ռիսկային ծրագիր է: Առաջին հերթին պետք է հաշվի առնես քո ուժերը: Մենք հաջողությունների ենք հասնում»,- ասաց Ս.Ռոստոմյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր համերգից հետո ստացած արձագանքները փառահեղ էին, արդյունքը՝ սպասվածից առավել:
Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն ասաց. «Նյու Յորքի «Քարնեգի» համերգասրահում կայացած համերգը պատմական էր, քանի որ այդ համերգասրահում երբեք հայերի կողմից կազմակերպված համերգ չի եղել: Հուսանք, սա սկիզբը կլինի»:
Նախագիծն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ, համագործակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ:
Նախորդող հրապարակումներ`
«Մենք մեր մաշկի վրա զգում էինք թուրքական ճնշումները». «Քեզ հետ Հայաստան» համերգաշարի մասին
Հայտնի երաժիշտները ելույթ են ունենում աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա