«Բաքուն Եվրոպական խաղերը խաղում է իր կանոններով». Deutsche Welle
Գերմանական Deutsche Welle պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին և իր լրատվական ծրագրի շրջանակներում ներկայացրել է այդ միջոցառումների նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը:
«Հունիսի 12-ին Բաքվում մեկնարկելու են առաջին Եվրոպական խաղերը: Մինչ առաջնության մեկնարկը Ադրբեջանին ավելի հաճախակի են սկսել քննադատել այլախոհների և ավտորիտարիզմի համար», - ասված է հրապարակված հոլովակի մեկնաբանությունում:
Ռեպորտաժում նշվում է, որ ԵԱՀԿ-ն Եվրոպական խաղերի մեկնարկից առաջ ստիպված է լինելու փակել իր գրասենյակը Բաքվում: «Բացի դրանից` իշխանությունների ճնշման տակ Amnesty International կազմակերպությունը ստիպված է եղել հրաժարվել Ադրբեջանի մայրաքաղաքում մարդու իրավունքների և ԶԼՄ-ների ազատության մասին զեկույցի ներկայացումից», - ասված է ռեպորտաժում:
Այնուհետև DW-ն ներկայացրել է Բեռլինում բնակվող ադրբեջանցի լրագրող Էմին Միլիի գործունեությանը, ով 2009թ-ին Ադրբեջանում դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման` խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Լրագրողի մեկնաբանությամբ` իրեն իշխանությունները հետապնդել են Իլհամ Ալիևին քննադատելու համար:
Էմին Միլին բանտում 16 ամիս է անցկացրել, ինչից հետո արտաքին ճնշումների արդյունքում նա ազատ է արձակվել և լքել է Ադրբեջանը:
«Ներկայումս Ադրբեջանում ավելի քան 100 քաղբանտարկյալներ կան: Երկրում տիրում է վախի մթնոլորտ: Բռնաճնշումներն այնքան խորն են արմատացել մեր հասարակության մեջ, որ եթե մարդիկ ինչ-որ բան այն չեն գրում կամ ասում, ապա պատժում են ոչ միայն իրենց, այլ նաև նրանց ընտանիքների անդամներին», - պարբերականին տված հարցազրույցում ասել է Էմին Միլին: