Պորտուգալիայի ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեց Երևան (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր, ժամը 18:30-ին Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանյան ընտրանու՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի առաջիկա մրցակիցը ժամային գոտուն ու կլիմայական պայմաններին հարմարվելու նպատակով նախապատրաստական հավաքը կազմակերպել էր Թբիլիսիում և այժմ Երևան է ժամանում Վրաստանի մայրաքաղաքից:
Նախապաստրաստության նման մակարդակը հուշում է, որ մրցակիցը տրամադրված է հաղթանակի՝ ընտրական փուլի վերջնամասում ավելորդ ցնցումներից խուսափելու համար:
Ի դեպ, օդանավակայանում հավաքված երկրպագուների թվում կար նաև մեկը, ով կրում էր «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմայի մարզաշապիկը: Հավանաբար, դա ընդամենը պատճառ էր՝ կանխելու հետագա ոչ հաճելի իրադարձությունները: Երկրպագուները դեռ Պորտուգալիայի հավաքականի ժամանունից առաջ սկսեցին գոչել՝ «Ամոթ, ամոթ նրանց, ովքեր եկել են Ռոնալդուին տեսնելու ու նրանից ստորագրություն վերցնելու համար: Ավելացնենք, որ պորտուգալացիները կհանգրվանեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Վաղը, ժամը 17:00-ին Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանթուշը կհանդիպի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, իսկ մեկ ժամ անց «Հանրապետական» մարզադաշտում կկայանա այդ թիմի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեն բաց կլինի ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 13-ին, «Հանրապետական» մարզադաշտում: