Փչացած «Բերքի տոն»
Երևան քաղաքի Նոր-Նորքի վարչական շրջանում գտնվող ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Նազարյանի «Բերքի տոն» (բրոնզ, 1967) քանդակի կեսը պոկել, փչացրել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին՝ քանդակագործ Արշակ Նազարյանը և տեղադրել լուսանկարը:
Մշակույթի նախարարությունից Panorama.am-ին պատասխանեցին, որ այս հուշարձանի կամ այն փչացնելու խնդիրն իրենցը չէ, քանի որ արձանը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ:
Թեպետ մշակույթի նախարարությունը մեզ հավաստեց, որ իրենք դեպքի մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանին, այնտեղից փոխանցեցին, որ այս պահին որևէ տեղեկություն չունեն այդ մասին և, իհարկե, մեզնից գրավոր հարցում պահանջեցին: Անհասկանալի է` մշակույթի նախարարության կողմից տեղեկություն ստանալու, բաց աղբյուրը կարդալու փոխարեն ինչու է քաղաքապետարանին անհրաժեշտ լրատվամիջոցի գրավոր տեղեկացումն ու հարցումը որևէ քայլ ձեռնարկելու ու պատասխանելու համար:
Ի դեպ` քանդակագործ Արշակ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկվում է առավոտվանից, ու թեպետ վերջերս «ավանդույթ» է դարձել պետական մարմինների՝ սոցցանցերում աշխատելու մշակույթը, ոստիկանությունից մեզ պատասխանեցին, որ այս մասին որևէ հայտարարություն, դիմում չեն ստացել:
Ամենևին չփոքրացնելով անողի մեղքը, այստեղ ստիպված ենք կրկին շեշտել, որ պատկան մարմինների անտարբերությունը միայն նպաստում է նման դեպքերի լինելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա