Ցանկացած վայրահաչոց հայոց բանակի նկատմամբ, վայրահաչոց է իմ հայրենիքի նկատմամբ. Շարմազանով (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակակություն հայտնեց պատգամավորներ Էդմոն Մարուքյանին և Արփինե Հովհաննիսյանին նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Նրա խոսքերով՝ դրանով ևս մեկ անգամ ամրագրվեց, որ Հայաստանի խորհրդարանի, իշխանության և ընդդիմության համար անվտանգության և պաշտպանության հարցերը գերկարևոր են:
Ավելին, ըստ Շարմազանովի, պետք է գիտակցել, որ առանց ուժեղ անվտանգության համակարգի չենք կարող խոսել ոչ ժողովրդավարության զարգացումից, ոչ տնտեսական աճից, ոչ սոցիալական իրավիճակի բարելավումից և ընդհանրապես որևէ հարցից:
«Այս նախագիծը գալիս է ապացուցելու, որ Հայաստանը չնայած ունի բազում չլուծված խնդիրներ, բայց առաջնահերթը մեզ համար մեր զինվորներն են, նրանց պաշտպանության, առողջության խնդիրներն են: Իհարկե մինչ այդ էլ մեր հանրապետությունում ունեինք զինվորներին անվճար բուժելու պարտավորություն, բայց Հայաստանում, դժբախտաբար, դեռևս կան հիվանդություններ, որոնք չեն բուժվում այնպիսի ինտենսիվությամբ, որակով, ինչպես Եվրոպայում կամ զարգացած այլ երկրներում»,- ասաց Է.Շարմազանովը՝ հավելելով, որ դա նորմալ է, քանի որ նման բուժումը մեծ գումարների, մեծ ներդրումների հետ է կապված:
Այդ իմաստով պատգամավորը կարևոր է համարում, որ նման նախաձեռնության կա, ինչը ցույց է տալիս, որ ՀՀ օրենսդիր մարմնի համար ամենամեծ արժեքը հայ մարդն է, հայ զինվորը և ապրում է մի փիլիսոփայությամբ՝ «եթե չես ուզում կերակրել ուրիշի բանակը, պետք է կերակրես և հոգ տանես քո բանակի մասին»:
Է.Շարմազանովը նշեց, որ անվտանգության, պաշտպանության ոլորտը մեր երկրի ողնաշարն է: Նրա խոսքերով՝ եթե այլ պետություններին անկախությունը տրվել է խորհրդային միության փլուզումի արդյունքում, ապա ՀՀ և ԼՂՀ-ի քաղաքացիները, այդ անկախության համար արյուն են թափել:
«Որևէ մեկը մեզ վերևից մանանայի նման անկախություն չի տվել: Մենք պայքարել ենք ու պետք է գիտակցենք, որ այդ անկախության հիմնական երաշխիքը հայոց բանակն է: Ցանկացած վայրահաչոց հայոց բանակի և բանակի պատասխանատուի նկատմամբ, դա ուղղակի վայրահաչոց է իմ հայրենիքի նկատմամբ: Իշխանություններին կարելի է և պետք է քննադատել, բայց չի կարելի նույնացնել իշխանություն և հայրենիքը, չի կարելի ամեն ինչի չափն անցնել: Ի վերջո կա մի պարզ տրամաբանություն՝ մենք չպետք է անենք այն, ինչ ձեռնատու է մեր հարևաններին: Քայլ կատարելուց առաջ եկեք մինչև 10-ը հաշվենք՝ էս ի՞նչ ենք անում, թե չէ սենսացիայի հետևից ենք ընկել, ով ինչքան լայք կհավաքի, ի՞նչ նյութեր կանենք: Մեր բոլոր դժբախտությունների պատճառը եղել է այն, որ միշտ քարկոծել ենք նրան, ով գործ է անում: Մենք միասնական չենք եղել»,-նշեց Է. Շարմազանովը:
Այնուհետև մեջբերելով Նժդեհի այն խոսքերը, թե հայի թիվ մեկ թշնամին հայի ներքին նախանձ է՝ ԱԺ փոխնախագահը կոչ արեց ձերբազատվել այդ ներքին նախանձից, լինել քրիստոնյա, բարի, ինչպես նաև գնահատել այն մարդկանց, այն երևույթները, որոնք արվում են հանուն, այլ ոչ թե ընդդեմ:
«Ապրենք հանուն մեր հայրենիքի, մեր ընտանիքի, մեր երեխաների ու գիշերը չմտածենք, թե առավոտյան ում վրա ինչ պատվեր տանք: Ամոթ է, ամոթ, բերեք սիրենք մեր հայրնեիքը, պաշտպանենք ու փայփայենք մեր բանակը, մեր բանակի պատասխանատուներին, մեր զինվորին, քանի որ մեր զինվորն ավելի ուժեղ է, երբ իր թիկունքը ամուր է: Այդ զինվորը, պաշտպանության նախարարությունը բոլորինն է, իշխանությունն իր տնից չի բերել, պետք է լինենք միասնական ու չանենք բաներ, որոնք ձեռ է տալիս մեզնից արևելք և արևմուտք ընկած երկու հարևաններին, որոնք գիշեր ու ցերեկ մտածում են, թե ինչպես անեն, որ Հայաստանն ու Արցախը թուլանան: Բայց երկու պետությունները չեն թուլանա, քանի որ բարին, լույսը ավելի շատ է, քան էն մանրը, էն չարը: Միշտ էլ լույսը հաղթում է խավարին, այս դեպքում ևս այդպես կլինի»,- ասաց Է.Շարմազանովը:
Նախորդող հրապարակումներ՝
Արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծը երկար բանակցությունների արդյունք էր. Մարուքյան
Պատգամավորն առաջարկում է զինծառայողների բուժումն արտերկրում կազմակերպելը դարձնել պետության պարտականություն
Չեմ կարծում՝ Հայաստանում կլինի որևէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան
Կառավարությունը հավանություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները