Օձերը չեն շատացել, մարդկանց գործունեությունն է տեղափոխվել օձերի բնակավայրեր. Աղասյան
Տարին սկսվեց բավականին մեղմ վիճակագրությամբ, սակայն վերջին օրերին ակտիվացել են բնակելի տարածքներ օձերի ներխուժման հետ կապված ահազանգերը,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
«Այս տարի ստացվել է 180 ահազանգ, 69-ի դեպքում հայտնաբերվել է կենդանին: Ընդհանրապես անցած տարվա համեմատ աճել են ահազանգերը»,-հայտնեց ՏԿԱԻՆ աշխատակիցը:
Հանդիպմանը ներկա ԲՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն էլ նշեց, որ գարնան և ամռան ամիսներին օձերն ակտիվանում են. «Օձերի քանակը չի ավելացել, այլ մարդկանց գործունեությունն է տեղափոխվել է դեպի օձերի բնակավայրեր, քաղաքաշինական, գյուղատնտեսական աշխատանքներ են անում այն վայրերում, որտեղ օձեր կան»:
Ա. Աղասյանը նաև նշեց, որ շոգ եղանակին օձերը պատսպարվում են մառաններում, հով վայրերում. «Մարդկանց իրազեկվածությունն է մեծացել: Նախկին տարիների համեմատ մարդիկ ավելի շատ են դիմում 911 ծառայությանը»:
Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի գրանցվել է օձի կծածից մահվան մեկ դեպք:
Անդրադառնալով օձի խայթոցի բուժման եղանակներին՝ թունաբանը նշեց, որ սխալ բուժօգնությունը, բուժհիմնարկ ուշ հասցնելը կարող են վատ հետևանքներ ունենալ. «Պետք է անշարժացնել վերջույթը և դիմել բուժհաստատություն՝ 6 ժամվա ընթացքում: Չի թույլատրվում, այրել, կտրել խայթած հատվածը, իսկ խայթածը բերանով քաշելը վտանգավոր է, եթե մարդն ունի խոց կամ արնահոսություն»:
Նրա խոսքերով, հանրապետության ամբողջ հիվանդանոցները ապահովված են հակաթույն հանդիսացող պոլիվալենտ սիճուկով:
ԲՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետն էլ հորդորեց ոչ մի դեպքում չդիմել ժողովրդական բժշկության:
«Օձերի բոլոր 23 տեսակներն էլ կծում են: Կյանքի համար վտանգավոր և թունավոր են համարվում գյուրզան և հայկական իժը, սակայն նրանք տափաստանային վայերում են հիմնականում հանդիպում: Կան օձեր, որոնք շատ նման են գյուրզային, մարդիկ հաճախ չեն տարբերում: Օձերը երբեք նախահարձակ չեն լինում, պետք չէ նրանց անկյուն գցել կամ վախեցնել»,-ավելացրեց Ա. Աղասյանը:
Ամփոփելով հանդիպումը՝ Հովհաննես Խանգելդյանն ասաց, որ ահազանգերի գրեթե 50 տոկոսը Երևանից և մերձակա մարզերից են՝ Արարատ, Արագածոտն, Արմավիր, Կոտայք: Նա նույնպես խորհուրդ տվեց անմիջապես դիմել 911՝ խուսափել ժողովրդական բուժման տարբերակներից, քանի որ փոքրիկ սխալի դեպքում անգամ մարդը կարող է հաշմանդամ և ամիսներով անգործունակ դառնալ: