Հայաստանում բիզնես հիմնող սիրիահայերին բացատրում են տեղի օրենքները. Ֆիրդուս Զաքարյան
Հայաստանում հաստատված և բիզնես հիմնել ցանկացող սփյուռքահայերի և հատկապես սիրիահայերի համար երկամսյա դասընթացներ են անցկացվում` տեղի օրենքներին ու կարգերին ծանոթացնելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
«Եթե նրանք դիմում են Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գրասենյակին` վարկ վերցնելու, բիզնես դնելու համար, երկամսյա դասընթաց են անցնում, ամեն ինչ, ինչը վերաբերում է ձեռնարկատիրական գործունեություն սկսելուն, բացատրում են: Եվ նրանք, ովքեր ճիշտ բիզնես-պլան են ներկայացնում, վարկ տալիս են»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը:
Իսկ ընդհանրապես, նրանք, ովքեր, այնուամենայնիվ, բիզնես չեն կարող հիմնել և ցանկություն ունեն ծանոթանալ սովորական կյանքին առնչվող հայաստանյան օրենսդրությանն ու տիրող կարգերին, Զաքարյանի խոսքով, դիմում են Սփյուռքի նախարարության իրավաբանական վարչությանը:
«Մեր իրավաբանական վարչությունը դարձել է կարծես խորհրդատվական կենտրոն` ինչ հարց լինում է օրենքի հետ կապված, մենք բացատրում ենք», -նկատեց Զաքարյանը` ընդգծելով, որ անկախ նրանից սիրիահայ է, թե այլ երկրի մեր հայրենակից:
Մեր դիտարկմանը, թե կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կազմակերպած էքսպո ցուցահանդեսի ժամանակ Հայաստանում բիզնես հիմնած Ռշտունի ամուսինները, որպես խնդիր, Panorama.am-ի հետ զրույցում մատնանշել էին հայաստանյան օրենքները չիմանալը, Զաքարյանն ի պատասխան հորդորեց այդ ու նման անձանց ուղղորդել Սփյուռքի նախարարություն. «Եթե նրանք այդպիսի խնդիր ունեն, կարելի է նրանց խորհուրդ տալ դիմեն մեզ»:
Վերջին շրջանում, ըստ նախարարության պաշտոնյայի, դեպի Հայաստան սիրիահայերի հոսքն ակտիվացել է` այցելել է 500 սիրիահայ ու դեռ էլի սպասվում է, որ կգան:
«Վերջին օրերին եկածներին անհանգստացնում է միայն մեկ հարց` գույքը տեղափոխելու հարցը, ինչը տեղափոխելու համար Հայաստանի օրենքներով պահանջվում է 180 օր: Նրանց բացատրել ենք, բայց իրենք ասում էին, որ չեն հասցնի այդ ժամանակամիջոցում տեղափոխել գույքը: Մենք էլ պատրաստվում ենք օրենսդրական փոփոխություն նախաձեռնել` ժամկետը երկարացնելու համար»,-փոխանցեց Զաքարյանը:
Պաշտոնյայի խոսքով, իրենց նախարարությունում սիրիահայերին օգնում են կողմնորոշվել նաև վարձակալությամբ բնակարաններ ընտրելու հարցում: Ասաց` խորհուրդ են տալիս Երևանի կենտրոնում 200 հազար դրամ գումարով բնակարան չվերցնել և ավելի քիչ գումարով վարձակալել մայրաքաղաքի ծայրամասային համայնքներում:
«Գժվելու բան է` 200 հազար դրամ բնակարանի վարձ տալ, ինչի՞: Մենք նրանց ուղղորդում ենք քաղաքի ուրիշ համայնքներ, որտեղ բնակարանների վարձն ավելի մատչելի է: Եթե անհրաժեշտ է լինում, միջնորդում ենք, որ վարձն ամբողջությամբ կամ մասնակի մարի պետությունը»,- նշեց Զաքարյանը:
Նախորդող հրապարակում`
Ամուսնուս հետ ձեռք ձեռքի տված մեր գործն ենք սկսում այստեղ. հալեպահայ տիկին Յոլանդ (լուսանկարներ)