«Արտ ֆեստ»-ի մրցանակակիրները. «Կարևորը շփումն է ու համագործակցությունը» (լուսանկարներ)
«Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ բաց փառատոնը մեկ ամիս «Մեկ տանիքի ներքո» էր հավաքել 300-ից ավելի երիտասարդ արվեստագետների: Թատերական արվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, երգարվեստի, դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտներում նրանք պետք է ցույց տային իրենց հմտությունները, մասնագիտական կարողությունները: Փառատոնի մրցանակաբաշխությունը կայացավ նախօրեին: Հայտնի դարձան յուրաքանչյուր ոլորտում լավագույնները, թեև հենց մրցույթի մասնակիցները նշում էին, որ կարևորը մասնակցությունն էր ու շփումը, որի արդյունքում նաև համագործակցության ուղիներ են բացվում:
«Իհարկե, փառատոնում, մրցույթում հաղթանակը խթան է առաջիկայում էլ ավելի լավ աշխատելու, էլ ավելի լավ աշխատանքներ ստեղծելու համար, բայց ես ավելի կարևորում եմ բոլոր մասնակիցների հետ շփումը, նրանց հետ տարբեր հարցերի շուրջ ծավալվող քննարկումները: Դա է գլխավորը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ասաց փառատոնի մասնակիցներից Դավիթը:
«Հագուստի մոդելավորում» անվանակարգում ոսկե մրցանակ ստացավ Ջոզեֆինա Մուսախանյանը, ով ներկայացրել էր «Քարահունջի քրմուհիները» հավաքածուն:
Երգարվեստում ոսկե մրցանակ ստացավ Աննա Ղազարյանը:
Լավագույն դերասաններ ճանաչվեցին Վահան Միրաքյանը և Սամվել Թադևոսյանը:
Թատերարվեստում ոսկե մրցանակը շնորհվեց Միլենա Ավանեսյանին:
Լավագույն բեմադրության համար ոսկե մրցանակներ ստացան Նարինե Գրիգորյանը և Արման Նավասարդյանը: Բեմադրիչ Դավիթ Հարությունյանն էլ արժանացավ Արմեն Մազմանյանի անվան հատուկ մրցանակին:
«Կինոարվեստ» անվանակարգում ոսկե մրցանակներ ստացան Անդրանիկ Հարությունյանը և Արեն Մաղաքյանը:
«Կերպարվեստ» անվանակարգում առաջին մրցանակ չշնորհվեց:
«Լուսանկարչություն» անվանակարգում առաջին մրցանակն Արմինե Եփրեմյանինն էր, «Գրաֆիկա» անվանակարգում գլխավոր մրցանակ շնորհվեց Յոնա Գևորգյանին:
«Դեկորատիվ կիրառական արվեստ» անվանակարգում ոսկե մրցանակ ստացավ Արմեն Հակոբյանը:
«Դիզայն» անվանակարգում ոսկե մրցանակ ստացավ Սոնա Թարխանյանը:
Նշենք, որ «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական երրորդ փառատոնի բացումը կայացել է մայիսի 11-ին:
«Արտ ֆեստ» փառատոնը նպատակ ունի խթանելու երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնելու մասնագիտական համագործակության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործելու երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, բացահայտելու նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները: Փառատոնը կրում է ներկայացուցչական-մրցութային բնույթ: Փառատոնին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող երիտասարդ ստեղծագործողներ:
Մրցանակաբաշխության լուսանկարներն՝ այստեղ:
Նախորդող հրապարակումներ՝
«Արտ ֆեստ»-ն ավարտվեց
«Արտ ֆեստ». Ստեղծագործությունները գնահատում են մշակութային հեղինակավոր գործիչներ
«Արտ ֆեստ». «Այսօրվա երիտասարդությունն ապացուցում է, որ հայ արվեստը, հայկական գենը միշտ արթուն է»
«Արտ Ֆեստ». «Որևէ մեկին չենք կարող շնորհք նվիրել, բայց կարող ենք օգնել շնորհալի մարդուն դառնալ պրոֆեսիոնալ»
«Արտ Ֆեստ». Մասնակիցների թվի աննախադեպ աճ, արվեստի ոլորտների ավելացում
«Արտ Ֆեստ». «Երիտասարդ սերնդի առաջ խնդիր է դրված՝ ապացուցել աշխարհին, որ մենք կանք և ուժեղ ենք»
«ԱՐՏ ՖԵՍՏ»՝ «ուր արժևորվում է յուրաքանչյուրը, հաղթում են բոլորը»
«Արտ ֆեստ». 92-ամյա պապիկի պատմությունն ու երազանքների իրականացմանը հասնելու միջոցը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա