«Կասպերսկի լաբորատորիա». Իրանի և «5+1 խմբի» հանդիպումները գաղտնալսվել են Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից
«Իրանի և «5+1 խմբի» հանդիպումները գաղտնալսվել են Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է կիբերանվտանգության հարցերով զբաղվող «Կասպերսկի լաբորատորիա» ընկերությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ավստրիայում և Շվեյցարիայում տեղակայված երեք հյուրանոցներում, որտեղ միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև հանդիպումներ են տեղի ունեցել, համակարգչային ծրագրերը ենթարկվել են կիբերհարձակման և հայտնաբերված վիրուսը («Դոկո, 2-րդ օրինակ») պատկանում է Իսրայելի հատուկ ծառայություններին:
«Կասպերսի լաբորատորիա»-ի սույն հայտարարությունից հետո Ավստրիայի և Շվեյցարիայի իշխանությունները սկսել են հետաքննությունն իրականացնել՝ պարզելու դեպքի հանգամանքները:
«ԻՍՆԱ»-ի հաղորդմամբ՝ Իսրայելը հերքել է սույն կիբերհարձակմանը մասնակցություն ունենալու մեղադրանքները:
Իրանական աղբյուրը հավելում է, որ մարտ ամսին ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը, ներկայացնելով ամերիկացի պաշտոնյաների մտահոգությունները, նշել էր, որ Իսրայելը գաղտնալսում է Իրանի և «5+1 խմբի» հանդիպումները: Այդ ժամանակ ևս Իսրայելը հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները:
Նշենք, որ վերջին շրջանում միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև հանդիպումները հիմնականում անցկացվել են Վիեննայում, Ժնևում և Լոզանում: