Հայաստանում սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը բարձր է
Հայաստանում հիվանդացության ու մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետն են, որոնց հաղթահարման ուղղությամբ արդեն իսկ մշակվել և իրականացվում են ռազմավարական ծրագրեր։ Այս մասին նշել է Հայաստանում է գտնվում Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի թիմի անդամ Ջիլ Ֆարինգթոնը՝ այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում մեկ շաբաթվա աշխատանքի արդյունքում ի մի բերված նախնական տպավորությունները ներկայացնելու ժամանակ:
Այդ հիվանդությունների ռիսկի հիմնական գործոններն են ծխելու շատ մեծ տարածվածությունը հատկապես տղամարդկանց շրջանում (եվրոպական տարածաշրջանում ամենաբարձրը), անառողջ սնունդը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը։ Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Նշվել է, որ Հայաստանը պարտավորվել է մինչև 2025 թվականը 25%-ով կրճատել ՈՎՀ-ից վաղաժամ մահացությունը` անդրադառնալով այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև գլոբալ նպատակին հասնելուն խոչընդոտող ռիսկի գործոններին։ Նպատակներից առանձնացվել են նաև զարկերակային գերճնշման, ծխախոտի օգտագործման, թերակտիվության տարածվածության և ալկոհոլի չարաշահման տարածվածության կրճատումը և այլն։
Ռիսկի առկա բարձր գործոնների պայմաններում կարևորվել են կանխարգելիչ ծրագրերը։
«Հիվանդությունների կանխարգելումն առողջության առաջնային օղակում, այդ ուղղությամբ երկրում իրականացվող ծրագրերը կարող են օժանդակել գլոբալ նպատակներին հասնելուն»,-ասել է ԱՀԿ փորձագետ Աննա Կորոտկովան։
Մտահոգություն է հայտնվել, որ թեև սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը Հայաստանում ավելի ցածր է, քան հետխորհրդային շատ երկրներում, սակայն շարունակում է բարձր մնալ եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշից։
Գնահատման նպատակով ԱՀԿ թիմը ուսումնասիրություններ է կատարել Երևանի, ինչպես նաև Արագածոտնի և Արարատի մարզերի բժշկական կազմակերպություններում` առաջնորդվելով համակարգված մոտեցումներով։ Արդյունքները հնարավորություն են տվել պատկերացում կազմել ղեկավարման, առաջնային օղակում հիվանդություների կանխարգելման, բուժօգնության որակի ապահովման և առողջապահության ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի, դրանցից ակնկալվող արդյունքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին։
Ընդգծվել է, որ ՈՎՀ-ը գերակա խնդիր է և պայմանավորված է երկրի տնտեսական աճով: Այս ենթատեքստում կարևորվել են հանրային առողջապահական ծառայությունների ինքնագնահատման նախաձեռնությունը, հանրային առողջապահության ռազմավարության առկայությունը, ինչպես նաև առողջապահության համակարգի կատարողականի գնահատման հաշվետվությունների օգտագործումը քաղաքականություն մշակողների կողմից:
Նրանք անդրադարձել են նաև սկրինինգային ծրագրերի արդյունավետության բարձրացման, բուժօգնության որակի ապահովման, միասնական սոցիալական ապահովագրության համակարգի աստիճանական ձևավորման, միջին բուժանձնակազմի դերի բարձրացման, առողջապահության ֆինանսավորման և այլ ոլորտներում առկա ձեռքբերումներին ու խնդիրներինը։ ԱՀԿ թիմը նշել է, որ Հայաստանում ցածր է առողջապահական ծախսերի մակարդակը։ Եվրոպական տարածաշրջանում այն գրավում է վերջին տեղը։ Մինչդեռ բժշկական ծառայությունների որակի և մատչելիության ապահովումը մեծապես պայմանավորված է ֆինանսավորումից։
ԱՀԿ թիմը ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին և ներկայացուցիչներին են ներկայացրել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ առողջապահական կարևոր ցուցանիշների բարելաման համար։
«Սա մեր համատեղ աշխատանքի սկիզբն է։ Այսօր ներկայացված նախնական կարծիքների առթիվ ակնկալում ենք ձեր առաջարկներն ու մոտեցումները»,-ասել է Ջիլ Ֆարինգթոնը։ Նա նշել է, որ հաշվետվության նախնական տարբերակի մշակումը կավարտվի մինչև 2015թ. օգոստոսը։ Այնուհետև, հաշվի առնելով Հայաստանից ստացված մեկնաբանությունները և դիտողությունները, մինչև 2015թ. հոկտեմբեր կմշակվի հաշվետվության վերջնական տարբերակը։
Մեկ շաբաթվա ընթացքում կատարած մեծածավալ և կարևոր աշխատանքի համար ԱՀԿ թիմին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը։