Ինչու՞ Իսլամական պետությանն ուղղված օդային հարվածներն արդյունավետ չեն
Արդեն մի քանի տարի օդային հարվածների (սիրիական ռազմաօդային ուժեր, 2014 թ. օգոստոսից ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն օդուժ, իրաքյան ու իրանական ռազմաօդային ուժեր և այլն) տակ գործող Իսլամական պետությունը (ԻՊ) դեռևս մնում է կենսունակ, նույնիսկ հաջողացնում է ընդլայնել իր կողմից վերահսկվող տարածքները Սիրիայում և Իրաքում:
Ինչու՞ ԻՊ-ին ուղղված օդային հարվածներն արդյունավետ չեն. պատասխանը պետք է փնտրել ԻՊ-ի ռազմական գործողությունների մարտավարության մեջ:
Արևմտյան ռազմուժի կողմից ցամաքային գործողությունների երկարաձգումը շահեկան է ԻՊ-ի համար: Միևնույն ժամանակ ստեղծված պայմաններում ԻՊ-ը կարողանում է հասնել նրան, որ իր կայանատեղիներին ու օբյեկտներին ուղղված օդային հարվածները տեղի են ունենում սահմանափակ հատվածներում՝ ստիպելով հակառակորդին զգալի ռազմական ռեսուրսներ և ժամանակ վատնել:
Սիրիայի քրդաբնակ Քոբանիի հետ կապված զարգացումները վերոշարադրյալի վկայությունն են: Բոլորս հիշում ենք ԻՊ-ի խոսնակի՝ Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի Քոբանիի նվաճման ժամանակ արտահայտած այն խոսքերը, թե՝ կոալիցիոն օդուժն իր օդային հարվածների մոտ 70 % իրականացնում է Քոբանիում:
Թուրքիայի սահմանին գտնվող փոքրիկ քրդաբնակ բնակավայրը նվաճելու համար ԻՊ-ը զգալի ներուժ էր կուտակել, սակայն, այն նվաճելու ԻՊ-ի փորձերը ձախողվեցին՝ դառնալով մեծ կորուստների պատճառ իսլամականների շրջանում:
Սակայն հետադարձ հայացք նետելով ու հետևելով հետագա ռազմական գործողությունների ընթացքի ու ԻՊ-ի վարքագծի տրամաբանությանը՝ հասկանում ենք, որ ալ-Ադնանիի խոսքերը ԻՊ-ի որդեգրած մարտավարությունն են վկայում:
Մինչ ԻՊ-ի զինյալները ներխուժել էին Քոբանի ու շարունակում էին համառորեն պայքար մղել քրդական և այլ սիրիական ընդդիմադիր զինյալ խմբավորումների դեմ՝ ենթարկվելով ինտենսիվ օդային հարվածների, ԻՊ-ը այլ հատավծներում ամրապնդում էր սեփական դիրքերը՝ լինեին դրանք ալ-Ռակկայում կամ Մոսուլում անվտանգության ուժեղացման, թե իրենց կողմից վերահսկվող տարածքները բնակեցնող ցեղերի ու ցեղախմբերի հետ աշխատանքի միջոցով:
Իսլամականների մարտավարության բաղկացուցիչ մաս է կազմում շարժունակ փոքր խմբերի օգտագործումը, որոնք մնում են դժվար խոցելի կոալիցիոն օդուժի հարվածներից (դրանք ոչ միայն ժամանակատար են և մեծ հաշվով ոչ արդյունավետ, այլև թանկ են նստում ժամանակակից օդային զինտեխնիկա ու թանկարժեք հրթիռներ օգտագործող կողմի համար), և այդ ամենի միջոցով ԻՊ-ը կարողանում է ապահովել այլ ռազմաճակատներում ուժային հավասարակշռություն:
Ռազմական գործողություններում ԻՊ-ն օգտագործում է իր սեփական ԱԹՍ-ները (Անօդաչու թռչող սարք), որոնք ապահովում են իսլամականների համար ռազմական գործողություների թատերաբեմի հստակ պատկերացումը: Ռազմական հարձակումներն իրականացվում են վատ եղանակային պայմաններում, որը նվազեցնում է կոալիցիոն օդուժի կողմից ԻՊ-ի զինյալներին ուղղված հարվածների արդյունավետությունը: Վերոհիշյալ մարտավարական հնարքները իսլամականների գրոհները դարձնում են հանկարծակի, սրընթաց և հուժկու:
Միևնույն ժամանակ ԻՊ-ը մանրամասնորեն է ընտրում իր թիրախները, որոնց նվաճումը պետք է շատ ռեսուրս չխլի իսլամականներից և որոշ սպառազինության հայթայթման հնարավորություն տա, որոնց տիրանալով իսլամականները կարող են տևական ժամանակ ճակատամարտի բռնվել հակառակորդի հետ՝ ժամանակ շահելով այլ հատվածներից եկող իսլամականների համալրման և օգնության համար:
Հարձակումը զուգորդվում է քարոզչական աջակցությամբ: Շարժունակ փոքր խմբերի հայտնվելն այս կամ այն հատվածներում, դրանց հուշկու գրոհը, մահապարտ ահաբեկիչների կողմից պայթուցիկներով բեռնված մեքենաների պայթեցումները, կատաղի պայքարի բռնվելն ու այդ ամենի թիրախային քարոզչությունը միտված են հակառակորդի շարքերում խուճապ առաջացնելուն, նման մարտավարությունը նույնպես լայնորեն կիրառվում է ԻՊ-ի կողմից, որը տեսանելի է թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում իսլամականների գրոհներում:
Մի քանի ուղղություններով հարձակումները զգոնության մեջ են պահում հակառակորդին, հակահարվածի դեպքում մասնատում են ռեսուրսները, ստիպում են չկենտրոնանալ մեկ ուղղութունից սպասվող հարվածի վրա՝ մտածելով պաշտպանության մասին:
Վերոշարադրյալ մարտավարական հնարքները հնարավորություն են տալիս ԻՊ-ին ընդլայնվելու, իսկ վերջինիս դիրքերին ուղղված օդային հարվածներն էլ դարձնում անարդյունավետ:
Արաբագետ Սարգիս Գրիգորյան