Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ. Թուրքիայի՝ տարածաշրջանային առաջնորդ դառնալու նպատակը ձախողվեց
«Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների բարիքն էլ այն էր, որ ճիշտ ուղուց շեղված իսլամը պարտություն կրեց»,-այդ մասին իրանական «Ղաֆզազ.իր» կայքի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» կրած պարտությանը, մասնավորապես նշել է. «Թուրքիայի իշխանությունները ցանկանում էին ստանձնել տարածաշրջանային առաջնորդի դերը, սակայն նրանք ճիշտ ճանապարհ չէին ընտրել: Նրանք (թուրքերը) կրոնը, ահաբեկչությունը, մարդկային կյանքերը, շիա-սուննի հակասություններն օգտագործում էին որպես գործիք և փորձում վարկաբեկել Իրանին, որը հայտնի է բազմակրոնությամբ»:
Այաթոլլահ Ամելին, քննադատելով Թուրքիայի իշխանությունների ծավալապաշտական նկրտումները, հավելել է. «Թուրքիայի իշխանությունները պարզ խոսում էին Օսմանյան Կայսրության վերակենդանացման մասին, սակայն Արևմուտքից ոչ ոք նրանց չհանդիմանեց, բայց հակառակը՝ Իրանին մշտապես մեղադրում են Պարսկական կայսրությունը վերականգնելու մեջ, և սա այն դեպքում,երբ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից այդ ուղղությամբ գործողության որևէ նշույլ անգամ չի երևացել»: