«...բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով». Բակունց
«Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով: Դա Ակսել Բակունցն է: Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է»,-խոսքերի հեղինակն է մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանը:
Գրող, կինոդրամատուրգ, բանասեր և թարգմանիչ Ակսել Բակունցը հայ դասական պատմվածքի և վիպակի խոշոր ներկայացուցիչն է:
116 տարի առաջ հենց այս օրը Գորիսում ծնվել է Ակսել Բակունցը (իսկական անուն-ազգանունը՝ Ալեքսանդր Թևոսյան): 1917 թ-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1923 թ-ին՝ Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը: 1918 թ-ին կամավորական խմբերի կազմում մասնակցել է Էրզրումի, Կարսի կռիվներին, ապա` Սարդարապատի հերոսամարտին:
1924–26 թթ-ին աշխատել է գյուղատնտես Զանգեզուրում: Այդ տարիներին Երևանի և Թիֆլիսի թերթերում ու ամսագրերում տպագրել է պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: Նա ճանաչվել է «Մթնաձոր» (1927 թ.) պատմվածքների ժողովածուով, որտեղ արտահայտիչ գույներով պատկերել է հայրենի բնությունը, մարդկանց սոցիալական կյանքը, կենցաղը, հայ գեղջուկի հոգու գեղեցկությունը:
Գյուղի թեման է շոշափում նաև «Սև ցելերի սերմնացանը» (1933 թ.) պատմվածքների ժողովածուն: Այս երկու ժողովածուների մեջ են ամփոփված «Ալպիական մանուշակ», «Լառ Մարգար», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Մթնաձորի չարքը», «Բրուտի տղան», «Ծիրանի փողը», «Սպիտակ ձին», «Նամակ ռուսաց թագավորին» և այլ հայտնի պատմվածքներ, որոնց հերոսներն ազնիվ են, արդարամիտ, բյուրեղյա հոգի ու ջերմ սիրտ ունեն:
Բակունցը գրել է նաև գավառական քաղաքի կյանքն ու կենցաղը պատկերող «Կյորես» երգիծական վիպակը, «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար» անավարտ վեպերը, կինոսցենարներ, բանասիրական աշխատություններ: Նա թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», աշխարհաբարի վերածել «Աղվեսագիրք» հավաքածուն: Բակունցի սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Սև թևի տակ» (1930 թ.), «Արևի զավակը» (1933 թ.), «Զանգեզուր» (1938 թ.), իսկ նրա մի քանի պատմվածքների հիման վրա՝ «Լուսաբացից առաջ» (1961 թ.) և «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975 թ.) կինոնկարները:
Գնդակահարվել է 1937-ի հուլիսի 18-ին Ստալինի ցուցումով։
«Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում: Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը...Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.
-Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ~...
Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով, ուր ապրում և ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա, ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս... Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսունյոթ տարեկան էր, և այդպես էլ մնաց իմ հուշերում... »,- գրել է բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուրգեն Մահարին:
Գրական անունը
Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
«...Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից, տավարածների կյանքից: Ու լսում էր թաքուն համակրանքով, և ես զգում էի դա:
-Քեզնից հողի հոտ եմ առնում,-մի օր ասաց ինձ կամաց, և ես թախիծ զգացի նրա աչքերում:
...Ախ, ուրիշ բան չեմ ուզում, քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրներից մեկի մոտ, ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները և չոքեինք, խմեինք քչքչացող զուլալ ջուրը:
Արցունքներ երևացին կապույտ աչքերում:
Ես ցնցված էի, վահ, այսքան էլ կարոտ... »,- գրել է գրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Անանյանը:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Ակսել Բակունցի տուն-թանգարանում /հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, քաղաք Գորիս/, գրողի հոբելյանի առթիվ կանցկացվի միջոցառումների շարք` ծաղկեդրման արարողություն, գրողի կիսանդրու /քանդակագործ` Միքայել Ղուկասյան/ հանդիսավոր բացում, գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն, գրական-երաժշտական ցերեկույթ, մատաղի հյուրասիրություն: