«Deutsche Welle». Հայկական պատվիրակության հետևից սուլոցները ստվերեցին Բաքվի խաղերի բացումը
Խաղերի բացման արարողությունը ստվերեց մի միջադեպ, երբ մրցումների մասնակիցների քայլերթի ժամանակ մարզադաշտում հավաքված հանդիսականները սուլոցներ հնչեցրեցին հայկական պատվիրակության հետևից: Անդրադառնալով Բաքվում Եվրոպական խաղերի բացմանը` գրում է «Deutsche Welle»-ն:
Գործակալության դիտարկմամբ` չնայած մարդու իրավունքների և մամուլի ազատության հետ կապված Ադրբեջանի հասեցին միջազգային հանրության ուժգին քննադատություններին` Բաքվում խաղերի բացման արարողության մեկնարկը տրվել է Ադրբեջանի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիևի կողմից:
Գործակալությունը նկատում է, որ խաղերի բացման արարողությանը ներկա էին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, սակայն եվրոպական որոշ երկրների առաջնորդներ հրաժարվել են Բաքու մեկնելուց` այդ թվում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Անդրադառնալով Եվրոպական խաղերին ընդառաջ Ադրբեջանի շուրջ ստեղծված միջազգային դրությանը և այդ երկրի հասցեին հնչեցվող քննադատություններին` գործակալությունը հիշեցնում է, որ խաղերի մեկնարկի նախօրեին «The New York Times » պարբերականում լույս էր տեսել Ադրբեջանում ձերբակալված հայտնի լրագրող Հադիջա Իսմայելովայի նամակը, որում վերջինս խոսում է այն մասին, որ իշխանությունները լռեցրել են ռեժիմի քննադատների ձայները, որպեսզի Եվրոպական խաղերի հյուրերը չլսեն ադրբեջանական իրականության մասին «մեր անհարկի ճշմարտությունը»: