«Հայ փախստականներն ունեն առնվազն հավասար հնարավորություններ». Չիրագովի գործի մասին
Ինչպես հայտնի է, հունիսի 16-ին ՄԻԵԴ-ը հրապարակելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռները: Հայաստանում և Արցախում ակնկալում են, որ ՄԻԵԴ անկողմնակալ կգտնվի, և հայ ու ադրբեջանցի փախստականների իրավունքները կդիտարկեն հավասար դաշտում՝ զերծ մնալով անցանկալի ձևակերպումներից: Այս բավականին լուրջ հարցի շուրջ հունիսի 12-ին «Հայլուր» լրատվականը հարցազրույց է անցկացրել 2006-12 թթ. ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Էմիլ Բաբայանի հետ:
2005 թվականին՝ ադրբեջանցի փախստական Չիրագովի, մեկ տարի անց՝ հայ փախստական Սարգսյանի կողմից ՄԻԵԴ ներկայացրած գործերով վճիռների մասին կանխատեսումներ անելուց Է. Բաբայանը զերծ է մնացել՝ շեշտելով, սակայն, որ չնայած ադրբեջական քարոզչամեքենայի ջանքերին՝ Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական դատարանը չի ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ:
«Մեր կարծիքով՝ ՄԻԵԴ-ն այն ատյանը չէ, որը պետք է քննարկի ԼՂ կոնֆլիկտի լուծման ուղիները: Դրա համար կա հստակ ձևաչափ՝ ՄԽ, որը երկար տարիներ զբաղվում է այս խնդրով: Եվրոպական դատարանը կոչված է մարդու իրավունքները պաշտպանելուն և պետք է սահմանափակվի բացառապես այդ գործառույթով» , - նշել է Բաբայանը՝ հիշեցնելով մի կարևոր հանգամանք . նույնիսկ այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ էին ԼՂ տարածքում, ՄԱԿ ԱԽ հայտնի 4 բանաձևերում չեն օգտագործվել «օկուպացիա», «ագրեսիա» տերմինները:
Ադրբեջանցի Չիրագովի՝ ՄԻԵԴ ներկայացրած հայցի միջոցով Ադրբեջանը միջազգային հարթակներում Հայաստանի մասին հենց այսպիսի ձևակերպումներ ամրագրելու երազանք է փայփայում: Հայկական կողմն իր հերթին չի զլանում հիշեցնել ճշմարտությունը՝ եվրոպական դատարանը քաղաքական որոշումներ չի կայացնում:
Էմիլ Բաբայանը կրկին հստակեցրել է ՝ պետք է բացառվի նույնիսկ որևէ փորձ՝ Եվրոպական դատարանին ներգրավել աշխարհաքաղաքական հարցերի լուծմանը, իսկ ներկայացված գործերով ՄԻԵԴ քննարկում է փախստականների խախտված իրավունքների հարցը:
«Եթե Չիրագովի գործով դատարանը կհաստատի, որ խախտվել են ադրբեջանցի փախստականների իրավունքները, պետք է հաստատի, որ խախտվել են նաև հայ փախստականների իրավունքներն Ադրբեջանում, և հայ փախստականները ստանում են առնվազն հավասար հնարավորություններ՝ դատարանից պահանջելու փոխհատուցում իրենց խախտված իրավունքների և Սումգայիթում, Կիրովաբադում և այլ բնակավայրերում իրենց թողած գույքի համար»,- եզրափակել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին