Իրանի Մեջլիսը մտադիր է նավթի նախարարի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել
«Իրանի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ պատրաստվում են նավթի նախարարի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` Իրանի նավթի նախարարության վատ կառավարման, նավթի գների անկման և դրանց հետևանքների հաղթահարման հ անհրաժեշտ քայլեր չեռնարկելու, ինչպես նաև նախարարությունում ճիշտ նշանակումներ չկատարելու համար Մեջլիսի մի խումբ պատգամավորներ նավթի նախարար Բիժան Զանգանեի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին նախագիծ են մշակել:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Իրանի Մեջլիսի նավթի, գազի և պետրոքիմիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Սեյյեդ Շոքր Խոդա Մուսավին հաստատել է սույն տեղեկատվությունը և հավելել, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում նավթի նախարարի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին հարցը կքննարկվի Մեջլիսում:
Հավելենք, որ նախօրեին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը, հղում անելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷԿ) քարտուղարությանը, նշել էր, որ Իրանը մայիս ամսվա ընթացքում 1000 բարելով ավելացնելով նավթի արտադրության ծավալները՝ օրական արդյունահանելով 2 մլն 845 հազար բարել նավթ և այդ ցուցանիշով առաջ անցնելով այդ ոլորտի մրցակից համարվող Արաբական Միացյալ Էմիրություններից: Նավթի արտադրության ոլորտում արձանագրած առաջընթացի արդյունքում Իրանն ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով Իրաքին և Սաուդյան Արաբիային:
Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջերս իր ելույթներից մեկում, անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գների անկմանը, նշել էր, որ Իրանի բյուջեի ծախսերի միայն 1/3-ն է կախված նավթից, այդ առումով նավթի գների անկման պատճառած վնասների հատուցման ուղիները կառավարությունը կանխատեսել է:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ, անդրադառնալով տնտեսական խնդիրներին, հայտարարել է. «Պետք վերացնել բյուջեի՝ նավթից ունեցած կախվածությունը. Պետք է ներքին արտադրությունը խթանել և մարդկանց եկամուտները պետք է ապահովվեն հարկերի միջոցով: Այսօր մեզ մոտ հարկահավաքությունը թույլ է, որոշ ներդրողներ խուսափում են հարկերից և դա հանցագործություն է»: