Տոնավաճառ եկած նախարարը գյուղացիներից բրոկոլի գնեց (Լուսանկարներ, տեսանյութ)
Կասյան փողոցում գործող գյուղատնտեսական տոնավաճառ այսօր պաշտոնյաներ այցելեցին՝ գյուղատնտեսության նախարարը, փոխնախարարը, Երևանի փոխքաղաքապետը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղացիներից բրոկոլի գնեց, մանրը մեկնած գյուղացու ձեռքը թողեց օդի մեջ, փոխարենը վարորդին կամ օգնականին հանձնարարեց վերցնել այն: Ապա Ս. Կարապետյանը մոտեցավ հարևանությամբ կանգնած մյուս գյուղացուն, հատ-հատ հետաքրքրվեց, թե որ բանջարեղենն ինչ արժե, որքանով են վաճառել մեծածախի դեպքում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները գոհունակությամբ խոսեցին տոնավաճառի պայմանների մասին: Ասում են՝ ուրախ են, որ մեջտեղից վերավաճառողները վերացել են: Հավատացնում են, որ իրենց բակում վերավաճառողին նույն գնով են տալիս ապրանքը, ինչքանով այսօր Կասյանում են վաճառում: Մարդկանց գոհ ճանապարհելու համար էլ ուզածից ավել են դնում:
‹‹Այս տարի գյուղատնտեսական տոնավաճառներն ավելի շուտ են սկսել գործել, քանի որ տարին բերքառատ է և գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկը մեծ է: Մի քանի շաբաթից կվերաբացվի երկրորդ տոնավաճառը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հնարավորություն կա բացելու նաև երրորդը››,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Նախարարի գնահատմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ գները մատչելի են, տարին բերքառատ է և միտում կա գների ավելի նվազման:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ վստահեցրել է , որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կշարունակվի, և անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում գյուղմթերքի տոնավաճառների համար կտրամադրվեն նոր տարածքներ:
Գյուղատնտեսության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:
Տոնավաճառում առավոտյան տիրող տրամադրության ու զրույցների այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝
Կասյան փողոցում վերաբացվեց գյուղատնտեսական տոնավաճառը