Ամբողջ աշխարհում ամեն տարի 10 միլիոնով ավելանում է սեռավարակների թիվը. մաշկաբան
ՄԱԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում ամեն տարի 10 միլիոնով ավելանում է սեռավարակների թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մաշկաբան-վեներոլոգ Սամվել Հովհաննիսյան՝ հավելելով, որ սեռավարակների աճի միտում կա նաև Հայաստանում:
Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանում ավելացել են համապատասխան մասնագետներին դիմողների թիվը: Մաշկավեներաբանը սա համարում է առաջընթաց, հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ մինչև ամուսնանալը մարդիկ ցանկանում են բացահայտել՝ հիվանդ են, թե ոչ:
Մասնագետի խոսքերով՝ ամառվա վերջից մինչև ձմեռ սեռավարակների թիվն աճում է: Դա կապված է ինչպես արտագնա աշխատանքի, այնպես էլ հանգստի մեկնելու հետ: Ս.Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս խուսափել պատահական սեռական հարաբերություններից և օգտագործել պահպանակներ, իսկ յուրաքանչյուր կասկածելի սեռական հարաբերությունից հետո պարտադիր պետք է դիմել բժշկի:
«Սեռավարակներին պետք է լուրջ ուշադրության արժանացնել, քանի որ հենց հղիության ընթացքում ոչ մի վարակ այնպես չի վնասում պտղին, ինչպես սեռավարակները»,- ասաց մաշկաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում