«Կրակն ենք ընկել ԵՏՄ-ի ձեռքը, հիմա նաև մեր ղրղզ բարեկամներին ենք տանում մեզ հետ» (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում քննարկման դրվեց 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ-ի մայիսի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետությանը միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նախ նշեց, որ այսօր օրակարգը հաստատելիս բազմաթիվ պատգամավորներ դժգոհել են, թե շարունակվում է վատ ավանդույթը և հապճեպ խորհրդարան են բերվում տասնյակ պայմանագրեր և պատգամավորներին պարտադրում, որ առանց ծանոթանալու 24 ժամյա ռեժիմով դրանք ընդունեն:
«Հիմա դուք նույն բանն եք անում, առավոտյան քննարկել ենք, հընթացս ստացել ենք տեքստերը, նիստը սկսելուց հետո նոր պայմանագրերը բերվել են և շատ հապճեպ ուզում ենք վավերացնել: Եթե այդքան սրտատրոփ մեր ղրղզ բարեկամները սպասում են, որ մեր բախտակիցը դառնան, ապա մայիսի 8-ից հետո երկու քառօրյա նիստեր ենք անցկացրել, կարող էիք դրանից հետո այն բերել: Հիմա ինչն է պատճառը, որ շտապում եք, մենք կրակն ենք ընկել Եվրասիական տնտեսական միության ձեռքը, հիմա նաև մեր ղրղզ բարեկամներին ենք տանում մեզ հետ: Այս հապճեպությունը անհասկանալի և ինչո՞ւ քառօրյաների ընթացքում չեք բերել, որպեսզի նորմալ քննարկեինք»,- ասաց Ա.Արզումանյանը:
Հիմնական զեկուցող ՀՀ միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանն ասաց, որ երեք արձանագրությունները, որոնք ներկայացվել են Աժ քննարկմանը, միջազգային պայմանագրեր են և մինչ Աժ ներկայացնելը պետք է անցնեին համապատասխան ընթացակարգեր: Բացի այդ, ըստ նրա, պետք է քննարկվեր ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը: Հարցը անցած շաբաթ է քննարկվել սահմանադրական դատարանում, որից հետո արդեն ներկայացվել է ԱԺ:
Ա.Արզումանյանը նշեց, որ ինքը դեմ է քվերակելու բոլոր երեք պայմանագրերին և ընդհանրապես ԵՏՄ-ից եկող ցանկացած արձանագրության:
«Այնպես որ, ես այլևս ելույթ չեմ ունենալու»,- ասաց նա: