Բան Կին Մունը Եմենում երկշաբաթյա հրադադար հաստատելու կոչ է արել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կին Մունը, բացելով Ժնևում Եմենի հարցով համաժողովը, հակամարտող կողմերին կոչ է արել հրադադար հաստատել` ասելով, որ երկիրը հայտնվել է փլուզման եզրին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նրա խոսքով, հրադադարը, որը կոչված է ազդարարելու սրբազան Ռամադան ամսի մեկնարկը, պետք է տևի առնվազն 2 շաբաթ` կենսական կարևոր իրեր Եմեն մատակարարելու համար:
«Այսօր Եմենի գոյությունը մազից է կախված: Մինչ կողմերը կռվում են, Եմենն այրվում է»,-ասել է Բան Կին Մունը` նշելով, որ հակամարտությունը խլել է 2600 մարդու կյանք, որի կեսը խաղաղ բնակիչներ են:
Ժնևում կայանալիք խաղաղության համաժողովը նախատեսվում է, որ տևելու է երկու կամ երեք օր` Եմենի հարցով ՄԱԿ հատուկ դեսպանի` Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան Եմենում հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ վերջիններս գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից: