Պրոբացիայի ծառայության ներդրման դեպքում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու հիմնական եղանակն՝ ըստ փորձագետի (տեսանյութ)
«Իրավախախտը կարող է կաշառք առաջարկել պրոբացիայի ծառայության աշխատակցին, որպեսզի բարենպաստ զեկույց պատրաստի: Դրանից խուսափելու հիմնական եղանակն է՝ պրոբացիայի ծառայության աշխատակիցը, պետական աշխատողները պետք է լավ վարձատրվեն, որպեսզի չփորձեն այլ տեղերից գումար ստանալ»,- ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում պրոբացիայի ծառայության վերաբերյալ ուսանողների համար անցկացվող սեմինարում ասաց միջազգային փորձագետ Մարտին Սեդոնը (Մեծ Բրիտանիա)՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե արդյո՞ք այս ծառայությունը կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում:
Նշենք, որ, ըստ պրոբացիայի ծառայության մասին հայեցակարգի, մինչդատական վարույթում քրեական հետապնդում իրականացնող մարմինն իր ցանկությամբ միջնորդում է պրոբացիայի ծառայությանը` զեկույց տալ անձի վերաբերյալ, որպեսզի կողմնորոշվի՝ ինչ խափանման միջոց ընտրել: Վարույթ իրականացնող մարմինը պարտավոր չէ դիմել պրոբացիայի ծառայությանը ու ստանալ այն:
Այսինքն, ՀՀ-ում պրոբացիայի ծառայությունը լինելու է որոշում կայացնողին աջակցող ծառայություն, իսկ վերջնական որոշում կայացնողը դատարանն է: Նախատեսվում է, որ ՀՀ-ում պրոբացիայի ծառայությունը կսկսի գործել 2016 թվականից:
Սեմինարին ներկա ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ պրոբացիայի ծառայության մասին հայեցակարգում այս հարցը նույնպես հաշվի է առնվել. զեկույցը լինելու է խորհրդատվական բնույթի, օրենսդրությամբ հստակ ամրագրվում է, թե ինչպիսին պետք է լինի զեկույցը: Այն, ըստ փոխնախարարի, հիմնված է լինելու փաստական տվյալների մասին, օբեկտիվորեն ներկայացնելու է մարդուն՝ կապերը ընտանիքում և աշխատանքի վայրում, սոցիալական վիճակը:
Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից, Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին