Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Իվա Միլետիչը դեկտեմբերին հանդես կգա Երևանում
Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհել է Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Ժյուրիի որոշմամբ, երկրորդ մրցանակը կիսել են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ են դարձել Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։ Մրցույթի շրջանակներում սահմանվել էին և հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից:
Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի հաղթող Իվա Միլետիչին շվեյցարական Del Gesu հիմնադրամը մեկ տարի նվագելու իրավունքով տրամադրել է J.B.Vuillaume-ի 1825թ. ջութակը։ Նա այս տարվա դեկտեմբերին հանդես կգա նաև Երևանում անցկացվելիք Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակերում։
Իվա Միլետիչը նշում է, որ մեծ տպավորություններ ունի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթից։ Երաժիշտը նշել է, որ մինչ մասնակցելն էլ շատ լավ արձագանքներ է լսել և հաճելի է, որ ինքն էլ մրցույթի մի մասնիկն է դարձել՝ հանդիպելով մեծանուն ժյուրիի անդամների, մրցույթի հյուրերի հետ։ Ջութակահարուհին խոստովանում է, որ մրցույթի ընթացքը բավականին դժվար էր, սակայն ուրախ է մասնակցության համար։ Նա նաև ընդգծել է մրցույթի բարձր կազմակերպվածությունը։ Խոսելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների մասին՝ Իվա Միլետիչն ասել է, որ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտը ծանոթ էր իրեն և այս օրերին մեծ բավականություն է ստացել նվագելով այն։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցների թիվը և աշխարհագրությունը։ Ա.Սմբատյանն ընդգծել է, որ մրցույթի մասնակիցների կատարողական վարպետությունը շատ բարձր էր։ Մասնակիցների մոտ 30-40 տոկոսը մի քանի միջազգային մրցույթների դափնեկիրներ էին։
Ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը հույս է հայտնել, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն աշխարհում կտարածվեն նաև նրա անվան միջազգային մրցույթի մասնակիցների և դափնեկիրների միջոցով։
Նախօրեին Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ներկայացվել են փոքրիկ տեսաֆիլմեր մեծ կոմպոզիտորի և նրա անունը կրող միջազգային մրցույթի մասին։ Երեկոյի ընթացքում առաջին մրցանակակիր Իվա Միլետիչը մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ևս մեկ անգամ կատարել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին այս տարի մասնակցել է 17 երկրի 25 ջութակահար։
Նախորդող հրապարակումներ՝
Անցկացվում է խաչատրյանական մրցույթի 3-րդ փուլը
Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ է անցել 13 մասնակից
Ցուցադրված հնագույն ջութակներից մեկը ամբողջ տարով կտրամադրվի խաչատրյանական մրցույթի դափնեկրի
Երևանում ներկայացվեցին Ստրադիվարիուսի, Գալիանոյի և այլ վարպետների հնագույն ջութակները (լուսանկարներ)
«Աշխատել ենք համեստ, բայց հասել ենք հաջողության». Արմեն Սմբատյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն աչքի կընկնի մասնակիցների լայն աշխարհագրությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա