ԲՀԿ-ական պատգամավորը Փոստանջյանին մեղադրեց դիլետանտության մեջ
Այս նախագիծը գիտական, արտադրական, ինվեստիցիոն համալիր նախագիծ է: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` Սյունիքի մարզի 3 խոշոր պոչամբարները վերամշակելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ: Մելքումյանի խոսքով, ծրագրի մշակմանը հայ հայտնի գիտնականներ են մասնակցել, հետևաբար այն փաստարկված ու հաշվարկված ծրագիր է:
«Ստեղ որ ասում եք, թե պրոբլեմներ են ստեղծելու, ըտենց չի, իբր եկել Հայաստանում ներդրումներ են անում, դուք էլ պրետենզիաներ եք ներկայացնում, թե էդ ներդրումները բերելու ընթացքում ինչ խնդիրներ կան: Բայց մենք էդ հանուն մեծ ներդրման, պետք է հաշտվենք որոշակի…չեմ ասում հանձնվենք, հաշտվենք…», հայտարարեց Մելքումյանը:
Պատգամավորի այս հայտարարությունը հունից հանեց Զարուհի Փոստանջյանին, և նա դահլիճում իր տեղից բարձրաձայն հետաքրքրվում էր, թե արդյոք պատգամավորին չի հետաքրքրում իր երեխայի առողջությունը: Սակայն Մելքումյանը Փոստանջյանի հարցերին ու դիտողություններին չպատասխանեց, այլ ուղղակի առաջարկեց ներդրումները վերահսկող հանձնաժողով ստեղծել: «Ի վերջո Ազգային ժողովն վերահսկելու այդ իրավասություն ունի և կարող է պարզել` 270 մլն խոստացված ներդրումն անում է, թե ոչ», -հավելեց պատգամավոր Մելքումյանը:
Փոստանջյանի բղավոցը նստած տեղից ի վերջո հունից հանեց Մելքումյանին, և նա դիմելով պատգամավորին հայտարարեց. «Տպավորությունն այնպիսին է, որ չեք հասկանում: Դուք պետք է այս գործից հասկանաք, նոր խոսեք, դիլետանտական բաներ այստեղից հնչեցնել չի կարելի»:
Պատգամավորի կարծիքով, Հայաստանին հիմա անհրաժեշտ են ներդրումները և այդ իրավիճակում խոշոր ներդրում խոստացած ընկերությանը «պրետենզիաներ» ներկայացնել պետք չէ: «Եթե մենք 20, 30 ներդրող ունենայինք, կարելի էր հասկանալ, հրաժարվել, բուռն ընդունել, բայկց եզակի բան է սա, եկեք մի քիչ էլ արդարամիտ լինենք, վստահելի մոտցում ցուցաբերենք», -հայտարարեց Մելքումյանը` տեղեկացնելով, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված նախագծին:
Հիշեցնենք` դեռ նախորդ քառօրյայում էր քննարկվում Հայաստանի երեք խնդրահարույց պոչամբարներում` Ողջիում, Փխրուտում և Արծվանիկում կուտակված ու կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Քննարկումն ընդհատվել էր և այսօր շարունակվում է ԱԺ արտահերթ նիստում:
Օրինագիծը, որի մասին ավելի վաղ Panorama.am-ը գրել է, կոչվում է այսպես` «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին»:
Օրենքով, պոչամբարների վերամշակումն իրականացնելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարը զանգեզուրցի Վարդան Շահնազարյանն է: Ծրագրին ֆինանսական աջակցություն տրամադրում է մետալուրգիայով և էներգետիկայով զբաղվող միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը: Պոչամբարների վերամշակման արդյունքում ընկերությունը խոստանում է պոչամբարների ռիսկայնությունը կնվազի, մասսայականորեն կոմպոզիտային թելերից կարտադրվեն գյուղատնտեսության համար հակակարկտային ցանցեր և մոտ 400-450 հա գյուղատնտեսական հողատարածքներ կդրվեն ոռոգման տակ: Եվ ամենակարևորը` նրանք խոստանում են Սյունիքի մարզում շուրջ 1500 աշխատատեղ բացել:
Նախորդող հրապարակումներ`
1500 նոր աշխատատեղ. Սյունիքի մարզում 3 պոչամբար կազատվի թափոններից, կկառուցվեն գործարաններ
ԱԺ-ն սկսել է քննարկել Հայաստանի 3 խնդրահարույց պոչամբարներին վերաբերող օրինագիծը
Սա օրենք է մենաշնորհ տրամադրելու մասին. Փոստանջյանը` պոչամբարները մշակելու վերաբերյալ օրինագծի մասին