Միդեմ փառատոնի նախագահ. Հայաստանի ելույթը` որպես պատվավոր երկիր, ամենապավորիչն էր Միդեմի ողջ պատմության մեջ
Վերջերս Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով մասնակցեց Միդեմ (MIDEM) միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին: Ֆրանսիայի Կանն քաղաքում Հայաստանի մասնակցությունը Միդեմին իրականացվում էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում: Panorama.am-ը Ձեր ուշադրությանը կներկայացնի բացառիկ հարցազրույցների շարք, որը մեր թղթակիցը ունեցել է Միդեմի կազմակերպիչների և մասնակիցների հետ: Ստորև ներկայացնում ենք Reed MIDEM ընկերության նախագահ և երաժշտական բիզնեսի առաջատար մասնագետ Պոլ Զիլկի հետ հարցազրույցի առաջին մասը:
- Պարոն Զիլկ, շնորհակալություն Միդեմում Հայաստանին որպես պատվավոր երկիր հյուրընկալելու համար: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն այս տարվա Միդեմից և մասնավորապես Հայաստանի մասնակցությունից:
-Այս տարվա Միդեմը իսկապես շատ տպավորիչ էր և շատ հիշարժան: Կարող եմ ասել, որ Հայաստանի ելույթը որպես պատվավոր երկիր իմ տեսած ամենատպավորիչ ելույթն էր Միդեմի ողջ պատմության մեջ: Հայկական պատվիրակությունն այնպիսի աննկարագրելի գործ է արել` մեկտեղ բերելով իրենց մշակույթի հետաքրքիր, գունեղ, պատմական և միառժամանակ նորարարական էլեմենտները: Պետք է առանձնացնեմ Հայաստանի կողմից կազմակերպված բացման երեկույթը, որին ներկա էին Միդեմ համայնքի հազարավոր մասնակիցներ Կաննի փողոցներում: Տոնակատարությունը սկսվեց շատ գունեղ հայկական պարերով, դրան հաջորդեցին տարբեր համերգներ` ջազ, ռոք, էթնո, էթնո ջազ… այս ամենը պատզապես հիանալի էր, և ես կարծում եմ, որ այն շատ մեծ տպավորություն գործեց Միդեմի ողջ համայնքի վրա: Դա իսկապես ահռելի աշխատանք էր:
-Կարո՞ղ եք մի քանի խոսք ասել հենց Միդեմ փառատոն մասին: Ո՞րն է Միդեմի հիմնական առաքելությունը և նպատակը:
-Միդեմը գոյություն ունի արդեն 49 տարի: Այս 49 տարիների ընթացքում Միդեմի առաքելությունն է եղել մեկտեղ բերել երաժշտության աշխարհը (երաժշտության աշխարհ ասելով նկատի ունեմ երաժշտական բիզնեսի և էկոհամակարգի բոլոր էլեմենտները` սկսած երգի հեղինակներից, կատարող արվեստագետներից, վերջացրած պրոդյուսերներով և երաժշտության ոլորտի բիզնեսներով), որպեսզի նրանք կարողանան կապեր հաստատել միմյանց հետ և համատեղ աշխատանքի նոր հնարավորություններ գտնեն – սա Միդեմի մի նկատակն է: Մյուս նպատակն է համախմբել ողջ աշխարհը, այսինքն` մեկ հարկի տակ բերել տարբեր երկրներ և մշակույթներ, քանի որ գոյություն ունի երաժշտության այնպիսի մեծ բազմազանություն:
Աշխարհում բոլոր մարդիկ սիրում են երաժշտություն, բայց բոլորը չէ, որ ծանոթ են կամ հնարավորություն ունեն գնահատել այլ երկրների ու մշակույթների երաժշտությունը: Այսպիսով, մեր առաքելություններից մեկն է զարգացնել երաժշտության ասպարեզում փոխանակումը և ի ցույց դնել աշխարհի բոլոր ծայրերից բոլոր ժանրերի երաժշտությունը: Այդ պատճառով Հայաստանը հոյակապ ընտրություն է որպես պատվավոր երկիր, քանի որ այն իսկապես ունի շատ մեծ, բազմազան և անկրկնելի երաժշտություն, որը բացահայտման կարիք ունի:
-Հայաստանն ինչպե՞ս կարող է առավելագույնը քաղել Միդեմի այս փորձառությունից: Միդեմում ներկայանալն ինչպե՞ս կարող է նպաստել հայկական երաժշտության ավելի լայն ճանաչմանն աշխարհում:
-Հայաստանի ներկայությունը որպես պատվավոր երկիր արդեն իսկ հսկայական առաջին քայլ էր: Հայաստանը փոքր երկիր է, որի հարստության մասշտաբները շատ ավելի մեծ են երկրի սահմաններից, սակայն այդ հարստությունն այդքան էլ լավ ճանաչված չէ երկրից դուրս: Իհարկե, կան բացառություններ, ի դեմս մեծ երաժիշտների և արվեստագետների, ովքեր շատ հայտնի են, սակայն ինչ վերաբերում է Հայաստանի երաժշտության ու մշակույթի մեծությանն ու խորությանը, աշխարհը դեռ շատ ավելին պետք է բացահայտի: Այդ պատճառով Միդեմի հարթակը, որը տալիս է լայն հնարավորություններ և որն ընդգրկում է երաժշտության բիզնեսի շուրջ համախմբված հարյուր-հազարավոր մարդկանց ողջ աշխարհով մեկ, շատ լավ առիթ է Հայաստանի մասին իրազեկությունն ու հետաքրքրությունը բարձրացնելու համար:
Կարծում եմ, որ Միդեմ համայնքն արդեն իսկ բացահայտեց Հայաստանը և Հայաստանի երաժշտական հարստությունը այստեղ՝ Միդեմում, և դա հիմք է, որի վրա կարելի է կառուցել ապագան: Մի կողմից Միդեմում ներկայացվում է երկրի բազմազան երաժշտությունը, մյուս կողմից հնարավորություն է ստեղծվում հանդիպել մարդկանց և կապեր հաստատել այլ երկրներում գործող երաժշտական բիզնեսների հետ: Այժմ, երբ Հայաստանի պատվիրակության կազմում երաժշտության ասպարեզի ավելի քան 200 ներկայացուցիչ էր մասնակցում Միդեմին, նրանք հավանաբար հազարավոր կապեր են հաստատել, ինչը հուսով ենք կնպաստի հայկական երաժշտության բիզնեսի զարգացմանն ապագայում:
- Միդեմի ավարտից հետո, ավելի երկարաժամկետ կտրվածքով ինչպե՞ս կարելի է շարունակել օգտագործել Միդեմի հարթակը և օգտվել դրա ընձեռած հնարավորություններից (օրինակ առցանց):
-Միդեմի բուն միջոցառումը տևում է մի քանի օր, բայց շատ նախապատրաստական աշխատանքներ են նախորդում Միդեմին, և իհարկե կապերը, որ ձևավորվում են փառատոնի ժամանակ, շարունակում են ընդլայնվել ողջ տարվա ընթացքում մեր էլ. կայքի միջոցով; իսկ այն, ինչ ներկայացվել է այս օրերին, կշարունակի կլուսաբանվել նաև առցանց` այդպիսով հասանելի դառնալով հազարավոր նոր մարդկանց:
Իր հերթին Հայաստանը և հայկական պատվիրակությունը նույնպես կարծում եմ տեսան, թե ինչպես իրենք կարող են հետագայում նոր կապեր կառուցել՝ հիմնվելով իրենց այս տարվա մասնակցության փորձի վրա: Այդ պատճառով կարևոր է, որ Հայաստանն ապահովի շարունակական ներկայություն Միդեմում:
-Որպես երաժշտության մենեջմենթի առաջատար մասնագետ Դուք ի՞նչ քայլեր խորհուրդ կտայիք ձեռնարկել հայկական երաժշտությունը միջազգային հանրությանն ավելի հասանելի դարձնելու համար:
-Առաջին քայլը ստեղծագործող և տաղանդավոր երաժիշտներ ունենալն է, ովքեր կստեղծեն հրաշալի երաժշտություն: Ակնհայտ է, որ Հայաստանն արդեն ունի դա: Ես տեսնում եմ, որ հայ երիտասարդ երաժիշտները հիմա վերցնում են հայ երաժշտության հարուստ պատմությունը և ավելի արդիականացնում են այն՝ դնելով ժամանակակից ձևաչափերի մեջ: Բայց միևնույն ժամանակ նրանք պահպանում են հայկական երաժշտության յուրահատկությունը, և դա շատ լավ է:
Իմ կարծիքով պետք է ուղղակի շարունակել կառուցել այս հիմքի վրա և կապեր հաստատել արտերկրի այն մասնագետների հետ, ովքեր միգուցե ավելի շատ փորձառություն ունեն և կարող են օգնել, որպեսզի Հայաստանը զարգացնի իր սեփական փորձը և ապահովի իր ներկայությունը միջազգային ասպարեզում ողջ տարվա ընթացքում:
Քանի որ կա երաժշտական տաղանդը (և դա շատ ուժեղ առավելություն է), ինչպես նաև շատերի մոտ անգլերենի իմացությունը, հայ երաժիշտները կարող են կերտել իրենց միջազգային կարիերաները: Ընդեմանը մնում է կապեր հաստատել և ունենալ ցանկություն գնալ արտասահման, չհանձնվել, այլ շարունակել շատ աշխատել և ամրապնդել այդ կապերը, և ամեն ինչ կստացվի:
Վստահ եմ, որ Հայաստանին սպասում են հաջողություններ: Ես լսեցի և՛ Հայաստանի Հանրապետության նախագահի տեսլականը և՛ ՀՀ մշակույթի նախարարի խոսքը. նրանք ունեն շատ մեծ վստահություն և վճռականություն շարժվել դեպի ապագա և դարձնել հայկական երաժշտությունը երկրի և երկրի իմիջի համար ամենակարևոր գործոններից մեկը: Այս ամենը շատ լավ ապագա է խոստանում:
Շարունակությունն այստեղ:
Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը