Առաջիկայում կսկսվեն ԵՏՄ- Իրան ինտեգրացիոն ծրագրերի շուրջ բանակցությունները
Ղրղըզստանի Հանրապետության՝ ԵՏՄ միանալու մասին երեք պայմանագրերի քննարկմանն այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը զեկուցող ՀՀ միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանին հարցրեց` հաշվարկներ կա՞ն, թե ԵՏՄ-ի անդամակցությունից հետո ինչ դրական միտումներ կլինեն Հայաստանի համար, որո՞նք են ՀՀ-ի շահերը ԵՏՄ-ի ընդլայնմանը զուգահեռ, երբ կառույցը տեղից չի շարժվում:
Հաշվարկների մասով Ս.Կարայանը նշեց, որ երբ մի երկիր տնտեսական հարաբերություններ է ստեղծում այլ երկրների հետ կամ միությունը նոր անդամներ է ներգրավում, ապա պարտադիր չէ, որ դրանք հիմնավորված լինեն թվերով: Ըստ նրա՝ երբ որևէ համաձայնագիր են կնքում, ապա առաջինը նայում են, թե դա ինչ հնարավորություններ է ստեղծում:
Փոխնախարարի խոսքերով՝ Հայաստանն այս արձանագրությունով ոչ մի լրացուցիչ պարտավորություն չի կրելու, այդ թվում՝ ֆինանսական: Այս արձանագրությունով ստեղծվելու են դրական միտումներ և հնարավորություններ, ուստի, եթե հայ արդյունաբերողները դրանից օգտվեն, ապա Հայաստանի տնտեսությունում լուրջ արդյունքներ կգրանցվեն:
Ըստ Ս.Կարայանի՝ Ղրղզստանը մեծ շուկա է Հայաստանի համար և առանց որևէ խոչընդոտի հայ գործարարները կարող են այդ շուկա մուտք գործել:
«Թե ինչքանով մեր գործարանները կօգտագործեն, դա արդեն այլ հարց է, բոլոր տնտեսական շահերը պարտադիր չէ, որ թվերով լինեն»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը նշեց, թե տնտեսական միություն է, բայց միաժամանակ նշում են, որ «թվերից եկեք չխոսենք», պարտավորություն չենք վերցնում, բայց ինչպես պետք է մեր շահերը առաջ տանենք:
«Այս ամենից ես եզրակացնում եմ, որ խոսքը ոչ թե տնտեսական շահավետության մասին է, այլ քաղաքական պարտադրանք է: Դրա համար դեմ եմ քվեարկելու: Եվ ինքներդ մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ ԵՏՄ-ն պայմանավորված է ոչ չէ տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչով»,- ասաց Թ.Պողոսյանը:
Ս. Կարայանը նշեց, որ այդ տեսակետի հետ համաձայն չէ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ հետաքրքրվեց, թե այս ընթացքում ԵՏՄ անդամ դառնալով Հայաստանն ինչ օգուտներ է ստացել, և ինչպես է գնահատում Ռուսաստանի Դաշնության ՀՀ-Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ նրա կոշտ դիրքորոշումը:
Ս.Կարայանը նշեց, թե դա ոչ թե ՌԴ-ի դիրքորոշումն է, այլ մասնավոր կազմակերպության ղեկավարն է դիրքորոշում հայտնել:
Ինչ վերաբերում է երկաթգծի կառուցմանը, ապա փոխնախարարն ասաց, որ որ ԵՏՄ անդամ երկրները համաձայնություն են տվել, որպեսզի ԵՏՄ-ի հետ Իրանի ինտեգրումը արագ զարգանա և առաջիկայում կսկսվեն ԵՏՄ- Իրան ինտեգրացիոն ծրագրերի շուրջ բանակցությունները:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
«Կրակն ենք ընկել ԵՏՄ-ի ձեռքը, հիմա նաև մեր ղրղզ բարեկամներին ենք տանում մեզ հետ»