Սա օրենք է մենաշնորհ տրամադրելու մասին. Փոստանջյանը` պոչամբարները մշակելու վերաբերյալ օրինագծի մասին
Ոչ մի տեղեկատվություն չկա այն մասին, որ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն իրականացրել է պոչամբարներում առկա վնասակար նյութերի, թափոնների վերամշակում, ունի փորձ և կարող է վերամշակել Սյունիքի մարզի 3 խոշոր պոչամբարների արտադրական լցակույտերը: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք` դեռ նախորդ քառօրյայում էր քննարկվում Հայաստանի երեք խնդրահարույց պոչամբարներում` Ողջիում, Փխրուտում և Արծվանիկում կուտակված ու կուտակվող թափոնների մշակման վերաբերյալ օրենքի նախագիծը: Քննարկումն ընդհատվել էր և շարունակվում է ԱԺ արտահերթ նիստում:
Օրինագիծը, որի մասին ավելի վաղ Panorama.am-ը գրել է, կոչվում է այսպես` «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին»: Օրենքով, պոչամբարների վերամշակումն իրականացնելու է «Ալյոտիգ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարը զանգեզուրցի Վարդան Շահնազարյանն է: Ծրագրին ֆինանսական աջակցություն տրամադրում է մետալուրգիայով և էներգետիկայով զբաղվող միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը: Պոչամբարների վերամշակման արդյունքում ընկերությունը խոստանում է պոչամբարների ռիսկայնությունը կնվազի, մասսայականորեն կոմպոզիտային թելերից կարտադրվեն գյուղատնտեսության համար հակակարկտային ցանցեր և մոտ 400-450 հա գյուղատնտեսական հողատարածքներ կդրվեն ոռոգման տակ: Եվ ամենակարևորը` նրանք խոստանում են Սյունիքի մարզում շուրջ 1500 աշխատատեղ բացել:
Զարուհի Փոստանջյանն ուսումնասիրել է և պարզել, որ VSEI կազմակերպությունը պոչամբարների վերամշակման բիզնեսում հայտնի չէ, և զբաղվում է հյուրանոցային բիզնեսով, «կապ չունեն գիտության, պոչամբարների վերաշահագործման հետ»:
«Հիմա ո՞ւմ ենք մենք տալիս նման արտոնություն, նման մոնոպոլիա: Սա օրենք է մենաշնորհ տրամադրելու մասին: Ավելին, այս անունները, փորձեք գտնել, կապված են հանցագործությունների հետ: Ո՞նց կարելի է օրենք ընդունել ու տարածքներ տրամադրել մարդկանց, ովքեր կապ չունեն գիտության հետ»,-հայտարարեց Փոստանջյանը:
Ավելին, Փոստանջյանի ներկայացմամբ, այն ընկերությունը, որին տրամադրվում են խոշոր պոչամբարները, ռուսական է և «արդեն իսկ ունի խնդիրներ»:
«Ո՞ւմ եք նման արտոնություն տրամադրում: Գուցե թունավոր նյութեր են բերում, կուտակում Հայաստանում», -հարցեր էր տալիս պատգամավորը:
Նախորդող հրապարակումներ`
1500 նոր աշխատատեղ. Սյունիքի մարզում 3 պոչամբար կազատվի թափոններից, կկառուցվեն գործարաններ
ԱԺ-ն սկսել է քննարկել Հայաստանի 3 խնդրահարույց պոչամբարներին վերաբերող օրինագիծը