Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն. Կենդանիներին սպանելու հրաման չի եղել
Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելձեն հայտարարել է, որ կենդանիներից մի քանիսը հատուկ նշանակության ջոկատայինների կողմից սպանվել են առանց անհրաժեշտության:
«Եթե գիշատիչները հարձակվել են մարդկանց վրա, ապա դա հասկանալի է, բայց կան դեպքեր, որ պետք է քննություն իրականացվի: Չեմ ուզում ժամանակից շուտ խոսել: Բայց հստակ գիտեմ, կենդանիներին սպանելու հրաման չի եղել: Ուղղակի հնարավոր է, որ ինչ-որ մեկը չարաշահել է լիազորությունները»,-«Մեդուզա»-ի փոխանցմամբ, ասել է այգու տնօրենը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ջրհեղեղի հետևանքով կենդանաբանական այգուց փախած մի քանի գայլեր սպանվել են հիվանդանոցի բակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն սպիտակ առյուծին սպանված վիճակում գտել են Կենդանաբանական այգու տարածքում:
Վերջին տվյալներով, այգու 600 բնակիչներից 300-ը զոհվել են: Կենդանիների մի մասին էլ անվտանգ տարածք են տեղափոխել:
Այգու տնօրինությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ այգու սիրելիին՝ Շումբա անունով սպիտակ առյուծին գտել են այգու տարածքում գլխի հատվածում մահացու վիրավորված: