Ուզում եմ, որ Ազգային պատկերասրահը դառնա եվրոպական լավագույն թանգարաններին հավասար. Նոր տնօրեն
Հայաստանի Ազգային պատկերասրահն արդեն մի քանի օր է նոր տնօրեն ունի: Մասնագիտությամբ արվեստաբան Արման Ծատուրյանը Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպիսին է ուզում տեսնել Ազգային պատկերասրահն առաջիկա տարիներին:
-Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին:
-Մասնագիտությամբ արվեստաբան եմ: Ազգային պատկերասրահը երբեք ինձ համար չի եղել օտար կառույց: Ուսանողական տարիները, թեկնածուական աշխատանքի պատրաստման ընթացքը, անցկացրել եմ Ազգային պատկերասրահում: Մոտ 8 տարի կապված եմ եղել, մնացած ժամանակն էլ: Ուղղակի այնպես ստացվեց, որ այլ տեղերում աշխատեցի, երկրի խոշոր միջոցառումներից շատերի ղեկավարն եմ եղել: Այդպես հեռացա: Բայց երբեք չեմ կորցրել կապս հարազատ ոլորտի հետ: Երբ հնարավորություն ընձեռվեց վերադառնալ ակունքներին և զբաղվել սիրած աշխատանքով, որոշեցի գալ ու մասնակցել մրցույթին:
-Պարոն Ծատուրյան, կողքից հետևելով Ազգային պատկերասրահի գործունեությանը, ինչպիսի՞ խնդիրներ, թերություններ եք նկատել, որոնք կցանկանայիք առաջին հերթին լուծել, վերացնել:
-Բարդ հարց եք տալիս: Նախ ասեմ, որ երբևէ չեմ սիրել քննատադել որևէ մեկին առանց խնդիրն ուսումնասիրելու, քարկոծել ուրիշի աշխատանքն առանց ինչ-որ բան ինքս անելու: Եթե Ազգային պատկերասրահի համար որևէ բան չեմ արել, ինչպե՞ս կարող եմ ասել՝ ինչ կանեմ: Իհարկե, տեսլական կա, ցանկություններ կան: Բայց այս հարցին չպատասխանեմ: Անցնեմ աշխատանքի, 1-2 ամիս հետո նոր անդրադառնանք այս հարցին:
-Իսկ ո՞րն է Ձեր տեսլականը:
-Ուզում եմ, որ մեր Ազգային պատկերասրահը լինի հայ մշակույթի առաջամարտիկներից, ունենալով հզոր գիտական ու ստեղծագործական պոտենցիալ, հավաքի իր կողքը և ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին, և դասական ակադեմիական: Լինի այն խարիսխը, որի շուրջ կհավաքվեն բոլորը: Դառնա եվրոպական լավագույն, հանրահռչակ թանգարաններին հավասար:
-Ունի՞ Ազգային պատկերասրահն այդ պոտենցիալը:
-Այդ պոտենցիալն ունի մեր ազգային ժառանգությունը, Ազգային պատկերասրահում ներկայացված մշակութային արժեքները: Մնացածը լավ մենջմենթի արդյունք է, իհարկե համագործակցելով ստեղծագործական և գիտական ներուժի հետ, որոնց մեծ մասն իմ դասախոսներն են, բաժինների ղեկավարների մի մասն իմ համակուրսեցիներն են: Աշխատանք է, որը պետք է կատարվի:
-Սովորաբար որևէ հաստատություն նոր տնօրեն է ունենում, սկսում են խոսել «կադրային ջարդի» մասին:
-Ինչպես արդեն ասացի, ծանոթ եմ Ազգային պատկերասրահի գիտական ներուժին: Շատերին անձամբ եմ ճանաչում: Շատերին էլ չեմ ճանաչում, կգնամ, կտեսնեմ, կծանոթանամ, կհասկանամ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կայացել էր հունիսի 12-ին: Մրցույթին մասնակցել է երեք հոգի: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին: Ազգային պատկերասրահի արդեն նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանի 65 տարին լրացել էր 2014 թ. դեկտեմբերի 2-ին: Պատկերասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխտնօրեն Անուշ Հակոբյանը: