ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի 3 թեկնածուները պատշաճ կերպով են ներկայացել. Արփինե Հովհաննիսյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը որոշումը կայացրել է խիստ գաղտնի ընթացակարգով տեղի ունեցած քննարկումների ու գաղտնի քվեարկության արդյունքում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամ, դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Դատավորների ընտրության հանձնաժողովի որոշմամբ, երեք թեկնածուներից Արմեն Հարությունյանը երաշխավորվել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում: Այդ պաշտոնին հասնելու համար նրա հետ միասին առաջադրվել էին Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը:
«Երեք թեկնածուներն էլ պատշաճ կերպով են ներկայացել, ներկայացրել իրենց գիտելիքներն ու իմացություն և բացի այդ, պատշաճ կերպով երկիրն են ներկայացրել: Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ կայացել է 30-40 րոպե տևողությամբ հարցազրույց, ինչից հետո հանձնաժողովի անդամները քննարկման ժամանակ ամփոփել են արդյունքները և տեղի ունեցած քվեարկության արդյունքում հանձնաժողովի անդամների ձայների մեծ մասը ստացել է Արմեն Հարությունյանը», -ներկայացրեց ԱԺ պատգամավորը:
ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի հաստատման հանգուցալուծումը տեղի կունենա առաջիկայում սպասվող ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ, և թեկնածուն կներկայացվի վեհաժողովի հաստատմանը:
Հարցին, թե որոշ շրջանակներում տեսակետ կա, որ Արմեն Հարությունյանը իշխանության թեկնածուն է, Հովհաննիսյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես, որպես Դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նման տեղեկատվության չեմ տիրապետում: Պետք է հավաստիացնեմ, որ Հանձնաժողովում որևէ թեկնածուի օգտին նախընտրելիություն կամ առավելություն որևէ մեկը չի ունեցել, ընդամենըայբբենական հերթականությամբ ներկայացել են հարցազրույցի»:
Պատգամավորը վստահեցրեց, որ թեկնածուների ընտրությունը կատարվում է բացառապես նրանց հետ հարցազրույցի արդյունքում, ինչի հիման վրա էլ տեղի է ունենում քվեարկություն:
Հարակից հրապարակում`
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին